ՀՊՏՀ և ՀՊԱՀ դասախոս մարզիկների ընկերական մրցապայքարում մեր հավաքականը հաղթեց 2։0 հաշվով
Այսօր ՀՊՏՀ մարզադահլիճում տեղի ունեցավ մշակութային ու մարզական միջոցառում, որին մասնակցեցին Հայաստանի պետական տնտեսագիտական և ագրարային համալսարանների ֆիզդաստիարակության ամբիոնների դասախոսները: Մրցասպարեզ դուրս գալուց առաջ մարզիկ դասախոսներին գեղեցիկ պարային համարով ողջունեցին և ոգևորեցին Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնի փոքրիկ սաները` 6-ամյա Ռուզաննան և փոքրիկ Արևիկը: Նրանց պարը ոգևորություն և դրական լիցքեր հաղորդեց թե’ մասնակիցներին, թե’ հանդիսատեսին:
Մինչ կսկսվեր վոլեյբոլի ընկերական հանդիպումը, մարզիկների միջև անցկացվեց փոքրիկ խաղային էստաֆետ, որի ընթացքում գրանցվեց ոչ ոքի հաշիվը: Իիսկ բուն խաղն ավարտվեց 2։0 հաշվով՝ հօգուտ մեր բուհի թիմի։
«Ձեր հյուրընկալ բուհը մեզ ընդունեց սրտաբաց: Ինչպես տեսնում եք, մեր թիմն այսօր 2:0 հաշվով պարտություն կրեց: Սակայն չենք տխրել, քանի որ տպավորություններով հարուստ ու հիշարժան մի օր անցկացրինք: Կարևորն այն է, որ խաղացինք մեծ ոգևորությամբ և գերագույն հաճույք ստացանք, բացի այդ՝ ծանոթացանք ձեր բուհին, ձեռք բերեցինք նոր ընկերներ»,-իմաստավորելով նման միջոցառումների դերը` վոլեյբոլի խաղի ավարտից հետո ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց ՀՊԱՀ ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոս, ՀՊԱՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչ Արմեն Ակոպովը և ավելացրեց, որ ստացած տպավորությունների մասին կպատմի նաև իրենց բուհում:
Մարզական այս միջոցառման ավարտից հետո տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն: ՀՊՏՀ արհկոմիտեի նախագահ Գրիգոր Տերտերյանը մեր մարզիկներին հանձնեց հաղթողի գավաթը:
Վերջում տեղեկացնենք` մարզիկները միմյանց հրաժեշտ տվեցին բարեկամաբար, քանի որ այս խաղում հաղթեց ընկերությունն ու բարեկամությունը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին