Վաղվանից սկսվում է 2012-2013 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի ընդունման գործընթացը

Դիտումների քանակ՝ 925

Մայիսի 5-ից ՀՀ պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում սկսվում է 2012-2013 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի ընդունման գործընթացը: Գնահատման և թեստավորման կենտրոնը արդեն ձևավորել է բոլոր բուհերի ընդունող հանձնաժողովների կազմը.կատարվում են նախապատրաստական վերջին աշխատանքները:
Ընդունելության գործընթացը վաղվանից կմեկնարկի նաև մեր բուհում: Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը, գնահատման և թեստավորման կենտրոնն արդեն հաստատել է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի ներկայացրած` ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի կազմը: Ընդունող հանձնաժողովի նախագահն է ռեկտոր Կորյուն Աթոյանը, տեղակալը` ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, անդամները` ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Միքայել Թավադյանն ու ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ, կառավարման ֆակուլտետի փոխդեկան Մերի Բադալյանը:
ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղեկացմամբ`  այսօր գնահատման և թեստավորման կենտրոնում տեղի կունենա ԳԹԿ ներկայացուցիչների և ՀՀ պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում ձևավորված ընդունող հանձնաժողովների պատասխանատու քարտուղարների  հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն դիմորդների ընդունման և հայտագրման գործընթացին առնչվող աշխատանքային հարցեր:
Տեղեկացնենք, որ դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը տևելու է մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը, ժամը 18-00-ն:
Հաջողություններ ենք մաղթում բոլոր դիմորդներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին