Մեր ուսանողները մասնակցեցին արտալսարանային միջոցառման

Դիտումների քանակ՝ 817

Ապրիլի 16-26-ը կառավարման ֆակուլտետի աշխատանքային իրավունք մասնագիտության  մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները իրենց դասախոսի` իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ՄԱԿ-ի փորձագետ,  Գեղեցիկ Գրիգորյանի ղեկավարությամբ  Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում մասնակցել են «Մարդու իրավունքներ և գենդերային հիմնախնդիրներ» վերտառությամբ երկշաբաթյա դասընթացներին:

Վերադարձից հետո  նրանք լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին էին բերել մի նամակ, որով բարձրաձայնում էին նման դասընթացների կարևորության մասին։  «Այդ օրերի ընթացքում մենք լսեցինք դասախոսություններ իրավագիտությունից, քաղաքագիտությունից, փիլիսոփայությունից, սոցիոլոգիայից, հոգեբանությունից, մարդու իրավունքներից, գենդերային հիմնախնդիրներից, որոնք վարում էին ՀՀ-ում ճանաչում ունեցող մասնագետները: Դասընթացների ինտերակտիվ բնույթը թույլ տվեց մեզ ինքնադրսևորվել, մասնակցել քննարկումների ու բանավեճերի»,– նշում էին ուսանողները: 

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այս կապակցությամբ զրուցեց դոցենտ Գեղեցիկ Գրիգորյանի հետ, ով նշեց, որ իրավաբանական կրթության որակի բարելավման ծրագրերով բազմիցս վերապատրաստվելով արտերկրում` եկել է այն համոզման, որ արտալսարանային միջոցառումները բարձրացնում են մագիստրոսական կրթության որակը, հնարավորություն են տալիս շփվելու այլ բուհերի ուսանողների հետ, լսելու հանրապետության լավագույն մասնագետներին, ձեռք բերելու հաղորդակցման հմտություններ: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին