Մեր գերագույն նպատակը բարձրորակ կադրերի պատրաստումն է. ՀՊՏՀ–ում հուշագիր ստորագրվեց
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը և «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դութուան այսօր համալսարանի նիստերի սրահում ստորագրեցին համագործակցության հուշագիր:
«Արդեն բավական ժամանակ է մենք փորձում ենք սերտացնել մեր հարաբերությունները գործատուների հետ, ինչը, կարծում եմ, լավ ճանապարհ է և կրթության որակի բարձրացման, և հետագայում ուսանողներին աշխատանքով ապահովելու առումով։ Մեր գերագույն նպատակը բարձրորակ կադրերի պատրաստումն է, իսկ մեր տված կրթության որակի գնահատականը կարող է տալ միայն գործատուն», – համագործակցության հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը` ավելացնելով, որ բուհի ղեկավարությունը կարևորում իր ուսանողի, շրջանավարտի մասնագիտական ճակատագիրը ու նաև համագործակցության նման ծրագրերով է տեսնում խնդիրը լուծելու ճանապարհը։ Բուհի ռեկտորը նաև ներկայացրեց, որ գործատուների հետ համագործակցության պայմանագրեր ՀՊՏՀ–ն արդեն իսկ կնքել է մի շարք կառույցների հետ, որի արդյունքում պատրաստվելու են տվյալ կառույցներին անհրաժեշտ կադրեր։ Սա ուսանողներին աշխատանքով ապահովելուն ուղղված առանցքային քայլերից է։
«Մեզ համար կարևոր է հասարակության բոլոր դերակատարների հետ կապի մեջ մտնելը, և Ձեր համալսարանն այդ դերակատարներից մեկն է։ Համալսարանների հետ համագործակցությունը նաև մեր ընկերության սոցիալական պատասխանատվության բաղադրիչներից է»,– իր հերթին հայտարարեց «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան։
ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը ողջունեց Եվրոպայում մեծ ճանաչում վայելող այս բրենդի մուտքը համալսարան և հույս հայտնեց, որ հետագայում «Օրանժ Արմենիա»-ի հետ համագործակցությունը էլ ավելի կընդլայնվի:
Այսպիսով՝ այս հուշագրով սկիզբ դրվեց մի համագործակցության, որը կնպաստի երկու հաստատությունների միջև կրթական ու գործնական հարաբերությունների զարգացմանը: Տեղեկացնենք, որ համաձայն համագործակցության հուշագրի` «Օրանժ Արմենիա»-ի գրասենյակներում համալսարանի ուսանողների համար կկազմակերպվեն մասնագիտական պրակտիկաներ, կանցկացվեն կլոր սեղաններ և թեմատիկ սեմինարներ, կողմերի միջև համաձայնեցված տարածքներում կապահովվի լայնաշերտ ծառայությունների հասանելիություն, ինչպես նաև ընկերության մասնագետները, որպես խորհրդատուներ, կներգրավվեն համալսարանի ուսումնական ծրագրերի կազմման գործում:
Հիշեցնենք նաև, որ ՀՊՏՀ-ի N 5 մասնաշենքի երկրորդ հարկի ընթերցասրահի նախասրահում ստեղծված Wi-Fi անկյունը «Օրանժ Արմենիա» ընկերության հետ ՀՊՏՀ համագործակցության արդյունք է:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին