Ռեկտոր Կորյուն Աթոյանի խոսքը՝ պաշտոնավարման առաջին տարվա առիթով

Դիտումների քանակ՝ 1143

Այսօր լրանում է ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի պաշտոնավարման առաջին տարին, ինչի կապակցությամբ Կորյուն Աթոյանը խոսքով դիմել է ՀՊՏՀ–ականներին, որը ներկայացնում ենք ստորև.

Սիրելի ուսանողներ և գործընկերներ, այսօր լրանում է իմ պաշտոնավարման 1 տարին:
Այս ընթացքը բոլորիս համար եղել է գործնական քայլերով հագեցած շրջան։ Հավատարիմ լինելով «Մենք փոխվում ենք» կարգախոսի ոգուն՝ այս ընթացքում մեր համալսարանը մի շարք ուղղություններով լրջագույն քայլեր է կատարել, որոնց արդյունքը, սակայն, աստիճանաբար է տեսանելի դառնում:
Ես ամբողջությամբ նվիրվել եմ այս գործին և իմ գերնպատակն է իրականացվող փոփոխությունների արդյունքում համալսարանը դարձնել առավել հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություն, յուրօրինակ բրենդ, գիտելիքի տուն, որտեղ կրթություն ստանալը կլինի ցանկալի, հարմարավետ և գիտակցված: Համոզված եմ, որ ստացած գիտելիքի ուժն ու դրա տիրապետման արդյունքում ընձեռվող հնարավորությունները դուք վաղը տեսնելու եք, քանի որ կասկածից վեր է, որ ապագան պատկանում է գիտելիքի արժեքն իմացող և դրան ձգտող անհատներին ու հասարակություններին:
Մեր ամենօրյա աշխատանքում մենք երբեմն հիասթափությունների առիթներ ենք ունենում, սակայն դրանք մեր որդեգրած ուղուց շեղելու փոխարեն մեզ կոփում և առավել վճռական են դարձնում:
Համալսարանում մի շարք արմատական խնդիրների ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում, սակայն առանցքային նպատակներից մեկը, որին ցանկանում ենք հասնել, հոգեբանության փոփոխությունն է, թերահավատության պարտությունը և ի նպաստ մեր հարազատ բուհի վերելքի` համատեղ աշխատանքի հաղթանակը: Եվ այս պայքարում մեր համախոհն ու դաշնակիցն է ցանկացած մարդ, ով կիսում է այս արժեքները, ով զգում է ժամանակի շունչը և փոփոխությունների քամու ուղղությունը:
Ցանկանում եմ շեշտել, որ մտնել բարեփոխումների նմանօրինակ գործընթացի և ծառացած խնդիրների հորձանուտի մեջ՝ նշանակում է անտեսել հոգնածության զգացողությունը, երբեմն մոռանալ հանգստյան օրերը և անմնացորդ նվիրվել բաղձալի նպատակի իրականացմանը:
Համոզված եղեք, որ գալիք տարիների ընթացքում համալսարանում իրականացվող բարեփոխումները նոր ընթացք և բովանդակություն են ստանալու: Մենք այսօր հապաղելու իրավունք չունենք, քանզի փոխվում են ժամանակները և կրթության նկատմամբ ներկայացվող պահանջները:
Անշուշտ, դեռ մնացել են չլուծված բազմաթիվ խնդիրներ, որոնք ամեն օր, ամեն ժամ անհանգստացնում են մեզնից յուրաքանչյուրին, սակայն եկեք զինվենք համբերությամբ և նվիրվենք աշխատանքին, քանզի օրհնյալ է իրենց գործի հաջողությանը հավատացողների միասնությունը։ Այս դեպքում, համոզված եղեք, որ հաջողությունը կդառնա անխուսափելի: Հիշենք Ավետիք Իսահակյանի հանճարեղ խոսքերը. «Ոգեշնչումը մի հյուր է, որը չի սիրում այցելել ծույլերին: Նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են»:

Հարգանքով՝
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյան