Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի բժիշկները հանդիպեցին ՀՊՏՀ կին աշխատակիցների հետ

Դիտումների քանակ՝ 1254

ՀՊՏՀ նիստերի սրահում «Հայ կինը իրավունք ունի լինելու առողջ և իրազեկված» խորագրով դասախոսությամբ  ՀՊՏՀ կանանց հետ այսօրվա հանդիպմանը հանդես եկան գինեկոլոգ Նելլի Ավագյանը և բժիշկ ռադիոլոգ Հովհաննես Վարդևանյանը:

«Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշումը դատավճիռ չէ: Այս հիվանդության պատճառած մահերի  քանակն անհամեմատ պակաս կլինի, եթե կանայք պարբերաբար ենթարկվեն կրծքագեղձի կլինիկական քննության»,- ասաց բժիշկ ռագիոլոգ Հովհաննես Վարդևանյանը և հանգամանորեն անդրադարձավ հիվանդության ախտանիշներին, ռիսկային խմբերին: Նա հորդորեց կանանց հետևել կրծագեղձի առողջությանը` կատարելով կրծքի ինքնազննում,  անցկացնելով ամենամսյա ստուգումներ մասնագետ բժշկի մոտ և ենթարկվելով մամոգրաֆիկ ստուգման: Բժիշկը  մեկ անգամ ևս հիշեցրեց, որ կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը պահպանում է կանանց կյանքը:

Գինեկոլոգ  Նելլի Ավագյանը  անդրադարձավ արգանդի պարանոցի քաղցկեղին: Նրա ներկայացմամբ` այս հիվանդությունը թեև մեծ տարածում ունի, այնուհանդերձ  ժամանակին բուժելու դեպքում ամբողջությամբ կարելի է ազատվել դրանից: Բժիշկը խոսեց նաև ձվարանների և արգանդի քաղցկեղի մասին` կանանց կոչ անելով հետևել առողջությանը, վարել առողջ ապրելակերպ:

Բանախոսները պատասխանեցին ներկաներին  հետաքրքրող հարցերին: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին