Մասնագիտացման նոր հորիզոններ. տեղեկատվական հանդիպում «Էրազմուս+»-ի շուրջ
Միջազգային համագործակցության աշխուժացումը բարձրագույն կրթության զարգացման այսօրվա հրամայականներից է: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը շարունակաբար ամրապնդում է արտասահմանյան համալսարանների հետ գործակցությունը, նախանշում համագործակցության նոր ուղիներ: 2015թ.-ից ի վեր մեր համալսարանն անդամակցում է «Էրազմուս+» միջազգային փոխանակման ծրագրին՝ ՀՊՏՀ ուսանողներին, ասպիրանտներին, հետազոտողներին, ինչպես նաև դասախոսներին ու վարչական աշխատակիցներին հնարավորություն ընձեռելով ուսումնառելու, դասախոսելու կամ վերապատրաստվելու գործընկեր համալսարաններում և նմանապես հյուրընկալելով այդ համալսարանների ներկայացուցիչներին:
ՀՊՏՀ-ում ծրագրի պատասխանատու արտաքին կապերի բաժինն այսօր նախաձեռնել էր տեղեկատվական հանդիպումների շարք, որը նպատակ ուներ ուսանողներին համապարփակ տեղեկատվություն հաղորդելու «Էրազմուս+» ծրագրի մասին: Ի՞նչ է «Էրազմուս+»-ը, ովքե՞ր կարող են դիմել, ի՞նչ պահանջներ է առաջադրվում դիմորդներին, ի՞նչ հնարավորություններ է ընձեռում ծրագիրը և մասնակցության արդյունքում ի՞նչ է շահում ուսանողը. այս հարցերի սպառիչ պատասխանները կտրվեն մեկնարկած հանդիպումների ընթացքում: Բանախոսը՝ կազմակերպիչ բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, վերոթվյալ հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելուց բացի, ներկայացրեց այս տարիներին ծրագրին ՀՊՏՀ մասնակցության արդյունքը, համաձայն որի, արտասահմանյան համալսարաններում հյուրընկալվել է մեր համալսարանի շուրջ 48 ուսանող, 35 դասախոս և աշխատակից, իսկ մենք հյուրընկալել ենք օտարերկրացի շուրջ 3 ուսանողի, 20 դասախոսի և աշխատակցի:
Հանդիպման ընթացքում ուսանողներին անհրաժեշտ տեղեկություններ տրամադրեցին նաև ծրագրին մասնակցած ուսանողները՝ հիմնական շեշտը դնելով արտերկրում կեցության հետ կապված հարցերին:
Ի գիտություն ծրագրով հետաքրքրվողների՝ «Էրազմուս+»-ին առնչվող ամբողջական տեղեկատվություն կարող եք գտնել ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» խորագրի ներքո:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին