Հոբելյանական մեծարումներ և ընթացիկ հարցերի քննարկում՝ ՀՊՏՀ ռեկտորատում (լրացված)

Դիտումների քանակ՝ 2534

ՀՊՏՀ ռեկտորատի այսօրվա նիստում երկու հոբելյան էր. ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Լևոն Խչեյանը բոլորել է ծննդյան 75, իսկ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ. գ.թ. Գարեգին Մխիթարյանը՝ ծննդյան 80-ամյակները: Գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ ռեկտորատի նիստը ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը սկսեց հոբելյարներին շնորհավորանքներ հղելով և ուղերձներ հանձնելով:

Ծննդյան 75 և գիտամանկավարժական գործունեության 50-ամյակները բոլորած Լևոն Խչեյանին Կորյուն Աթոյանը ջերմ շնորհավորանքներ հղեց՝ ընդգծելով նրա ներդրումը մեր համալսարանի կայացման գործում, նրա անցած ճանապարհն ու բեղուն գործունեությունը: «Գիտամանկավարժական գործունեության փորձն ու վաստակը ուսած՝ Դուք կանգնել եք նրանց կողքին, ովքեր հեռավոր 1975 թվականին համախմբվեցին Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի (այժմ՝ ՀՊՏՀ) կազմավորման շուրջ:

Բազմապրոֆիլ տնտեսագետների պատրաստումը Ձեզ և Ձեր համախոհների համար կարևոր էր ու սկզբունքային, Դուք պատրաստակամ էիք անմնացորդ նվիրվելու երիտասարդ սերնդին մասնագիտական բարձրորակ կրթություն տալու գործին, և այդ պատրաստակամությունն ու նվիրումը Ձեզ ուղեկցեցին հետագա տասնամյակներում: Մեծ են Ձեր ծառայությունները նաև երիտասարդ տնտեսագետների պատրաստման գործում, որոնց կողքին եք եղել, ուղղորդել եք և՛ գիտահետազոտական ճանապարհին, և՛ մարդկային ու միջանձնային հարաբերություններում»,- մասնավորապես նշեց համալսարանի ռեկտորը:

Ծննդյան 80 և գիտամանկավարժական գործունեության 5 տասնյակ տարիները բոլորած Գարեգին Մխիթարյանին կոլեկտիվը գիտի ոչ միայն որպես լավ գիտնական-մանկավարժի, այլև որպես վառ հայրենասերի, և այս շեշտադրումը չեր կարող չլինել ռեկտորի խոսքում: Կորյուն Աթոյանը հպարտությամբ նշեց, որ Գարեգին Մխիթարյանի հայրենասիրական գործունեությունը հերոսություն էր այն տարիների համար: «Ձեր ապրած տարիների վաստակի, նվիրումի ու ձեռքբերումների հանրագումարը միայն բարձր ու ոգեղեն զգացումներ է ծնում Ձեզ ճանաչողների սրտերում, Ձեզ վերադարձվում որպես խորին ակնածանք ու երախտագիտություն: Ձեզանում խտացած են ջերմ հայրենասերի, խորատես ու ազնիվ մտավորականի, սկզբունքային ու հետևողական գիտնական-մանկավարժի, նվիրված ընկերոջ, հոր և ամուսնու անզուգական հատկանիշներ:

Հինգ տասնամյակ և ավելի Դուք անդավաճան կերպով Ձեր գիտելիքն ու հմտություններն եք նվիրաբերում երիտասարդ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը: Այդ տարիներից չորս և ավելի տասնամյակները Դուք նվիրաբերել եք մեր համալսարանինª դառնալով նրա հենասյուներից մեկը, անխոնջ աշխատանքով ու մարդկային կերպարով նվաճելով գործընկերների և սաների սերն ու հարգանքը: 1980 թ. դուք մոռացության ճիրաններից մեր ժողովրդին վերադարձրիք Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի շիրիմըª կանխատեսելով, որ այն սրբատեղի է դառնալու: Երկու տարի անց Դուք անձնուրաց կերպով, անտեսելով խորհրդային վարչակարի հետապնդումը, հայրենիք վերադարձրիք մեծ հայրենասեր, մտածող ու ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի մասունքները և հանձնեցիք մայր հողինª այդպիսով իրագործելով հերոսի պատգամը, Ձեր նվիրական ուխտը և հայրենասիրական դաստիարակությանը նոր թափ ու բովանդակություն հաղորդելով»,- շնորհավորական խոսքում շեշտադրում է ՀՊՏՀ ռեկտորը:

Ռեկտորատի անդամները նույնպես միացան շնորհավորանքներին, իսկ հոբելյարներն էլ ի պատասխան երախտագիտություն հայտնեցին համալսարանի ռեկտորատին:

Այնուհետև ռեկտորատը քննարկեց օրակարգային երկու հարց, որոնք վերաբերում էին 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքներին, ինչպես նաև առաջին կուրսի ուսանողների վարձավճարների հավաքագրման գործընթացին:

Ավելի ուշ Գարեգին Մխիթարյանի ծննդյան 80-ամյակը նշեցին նաև բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնում՝ անմիջական, հուզառատ  մթնոլորտում: Ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Մհեր Աղալովյանը շնորհավորեց հոբելյարին ու երախտագիտական խոսք ասաց՝ ընդգծելով նրա երկարամյա արգասավոր գործունեությունը, բացառիկ մարդկային հատկանիշները, հայրենասիրության վառ դրսևորումները: Ռեկտոր Կորյուն Աթոյանի և իր անունից ամբիոնի ղեկավարը շնորհակալագիր հանձնեց Գարեգին Մխիթարյանին՝ համոզմունք հայտնելով, որ նրա գիտամանկավարժական  վաստակն ու համալսարանի կայացման գործում անուրանալի  ներդրումը, մեծ հայրենասերի կերպարը  հիշելու ու գնահատելու են նաև գալիք սերունդները:

Գործընկերները բարեմաղթանքներ հղեցին ու  առանձնակի պատկառանքով խոսեցին նաև Գարեգին Մխիթարյանի հայրենասիրական ու քաղաքացիական սխրանքների շուրջ. 1980թ. նա մոռացությունից փրկել ու հայ ժողովրդին է վերադարձրել Հայաստանի 1-ին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի շիրիմը, այնուհետև, անտեսելով խորհրդային վարչակարգի հետապնդումը, հայրենիք է բերել և մայր հողին հանձնել Գարեգին Նժդեհի մասունքները:

«Արժանավորներին երախտիքի խոսք ասելը, մեծ հոբելյանները նշելը մեր ամբիոնի բարի ավանդույթներից է: Պարոն Մխիթարյանը մեր բուհի սկզբնավորման ակունքներում է, անուրանալի ներդրում ունի և նրա վաստակը պետք է գնատհատել ու հիշել միշտ»,- մեզ հետ զրույցում ասաց Մհեր Աղալովյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին