Քննարկվեցին որակի ապահովման համակարգը, քաղաքականությունն ու ընթացակարգը

Դիտումների քանակ՝ 1117

Այսօր ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի ունեցավ «Որակի ապահովման համակարգ. քաղաքականություն և ընթացակարգեր» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցեցին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, հիմնադրամի քաղաքականության մշակման և իրականացման բաժնի ղեկավար Սուսաննա Կարախանյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտորները, ամբիոնի վարիչներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ուսանողներ:
«Որակի համակարգի ստեղծումը մեր համալսարանում կարևոր է նախևառաջ ազատ, անկաշկանդ ակադեմիական բանավեճերի հարթակ ստեղծելու նպատակով, որտեղ գիտական միտքը և նորարարությունը, գործակցային հարաբերությունները բուհի արժեքային համակարգի ու որակի մշակույթի հիմնման սկիզբը կկառուցեն»,- ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը և աշխատաժողովին մաղթեց արդյունավետ աշխատանք:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը խոսեց ՀՀ կրթական համակարգի որակի ապահովման քաղաքականության ու ընթացակարգերի մասին: Նա նշեց, որ իր ղեկավարած կազմակերպությունը որդեգրել է մի սահմանում, ըստ որի՝ որակը պետք է համարժեք լինի վերջնական նպատակին: Բանախոսը, ներկայացնելով որակի ապահովման համակարգը, ՀՀ բարձրագույն կրթության որակի ապահովման չափանիշները, որակի ապահովման եվրոպական չափորոշիչներն ու ուղենիշների հիմնական սկզբունքները, անդրադարձավ որակի ներքին` բուհական ապահովման չափորոշիչներին և ուղենիշներին: Նրա դիտարկմամբ` բուհերի կրթական գործունեության մեջ գլխավորը ոչ թե ուսումնական գործընթացի պլանավորումն ու իրականացումը պետք է լինի, այլ ուսումնառության վերջնարդյունքը` ուսանողների ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, մրցակցության թելադրած մարտահրավերներին դիմակայելը: Ռուբեն Թոփչյանը նշեց, որ բարձրագույն կրթության որակի ապահովումը ենթադրում է նաև դիպլոմների և որակավորումների համեմատելիության, եվրոպական կրթության առավելությունների ճանաչում, վստահելիության և մրցունակության բարձրացում: Ռուբեն Թոփչյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀ բուհերը պետք է հավատարմագրվեն մինչև 2014 թվականը: Ծրագրային հավատարմագրումը, բանախոսի ներկայացմամբ, պետության կողմից մասնագիտության կրթական ծրագրի, մասնագետների պատրաստման որակի` պետական կրթական չափորոշիչներին և ծրագրային հավատարմագրման չափանիշներին համապատասխանելիության ճանաչումն է: Այս գործընթացը նույնպես պարբերական բնույթ է կրելու և անցկացվելու է 5 տարին մեկ: 
ՀՊՏՀ-ում որակի ներքին ապահովման համակարգի ներդրման անհրաժեշտությանն անդրադարձավ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը: Նրա դիտարկմամբ` որակի ապահովման ուղղությամբ բուհի բոլոր ստորաբաժանումներին համատեղ և մեծածավալ աշխատանքներ են սպասվում:
ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը խոսեց որակի ներքին ապահովման համակարգի մշակման հիմնախնդիրների մասին:
ՀՊՏՀ որակի ներքին ապահովման գործընթացի կազմակերպումն ու ժամանակացույցը, ինստիտուցիոնալ և ուսումնական գործունեության գնահատման ուսանողական հարցման արդյունքները ներկայացրեցին ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի աշխատակիցներ Աննա Փախլյանն ու Անի Մկրտչյանը:
Որակի ներքին ապահովման գործընթացին անդրադառնալով` ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ուսումնագիտական հանձնաժողովի նախագահ Մարիա Ավանեսովան կարևորեց այդ գործընթացում ուսանողների դերը: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին