ՀՊՏՀ ասպիրանտը գիտահետազոտական աշխատանք է կատարել Մեծ Բրիտանիայի Սվանսիի Մետրոպոլիտեն համալսարանում

Դիտումների քանակ՝ 1124

ՀՊՏՀ կառավարման ամբիոնի առկա ուսուցման 1-ին տարվա ասպիրանտ Աղասի Թավադյանը 2011 թ. մայիսի 28-ից մինչև 2012 թվականի մարտի 28-ը «Erasmus Mundus» համագործակցության ծրագրի շրջանակում հնարավորություն է ունեցել գիտահետազոտական աշխատանք կատարելու Մեծ Բրիտանիայի Սվանսիի Մետրոպոլիտեն համալսարանում:
«Ինձ համար շատ կարևոր ու արդյունավետ օրեր եմ անցկացրել Մետրոպոլիտեն համալսարանում: Գիտական ղեկավարիս` դոկտոր Չարլզ Սմիթի գլխավորությամբ, գիտական ուսումնասիրություն եմ իրականացրել և պատրաստել հոդված` նվիրված գնաճին, վերջինիս փոխկապակցվածությանը տնտեսական այլ ցուցանիշների հետ, մասնակցել տնտեսագիտության արդի հիմանահարցերին նվիրված տարբեր քննարկումների»,-ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց Աղասի Թավադյանը` ավելացնելով, որ գործուղման ընթացքում մասնակցել է նաև «Լոնդոն 2012» գիտական նախագծին: 
Երիտասարդ հետազոտողի ներկայացմամբ` այս նախագծի շրջանակներում կատարված հետազոտական աշխատանքի մեջ փորձել է համապարփակ պատասխանել, թե Մեծ Բրիտանիայի տնտեսության վրա ի՞նչ ազդեցություն կարող են թողնել այս տարի Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերը հարցին: Խնդրո թեմայի շուրջ պատրաստել է զեկուցում, որտեղ հանգամանորեն շարադրել է օլիմպիադայից հետո անգլիական տնտեսության իր տեսլականը. «Օլիմպիական խաղերից հետո բնակելի տարածքի վերածված «Օլիմպիական գյուղը» զգալի շահույթ է բերելու տնտեսությանը: Այստեղ խոշոր ներդրումներ են կատարվելու, բացվելու են նոր աշխատատեղեր, զարգանալու է գործարարությունը»,- իր կանխատեսումները ներկայացրեց Աղասին՝ նշելով, որ օլիմպիական խաղերից տասը տարի անց էլ դեռ մարդիկ զգալու են դրա դրական ազդեցությունը:
ՀՊՏՀ ասպիրանտի խոսքով` բացի մասնագիտական գիտելիքներից ու փորձնական հմտություններից, նաև այլ հատկություններ էլ է ձեռք բերել. սովորել է ինքնուրույն ապրել, դարձել ավելի ինքնավստահ, հասցրել է սիրել Մեծ Բրիտանիան ու նրա բնակիչներին: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին