ՀՊՏՀ–ում ստորագրվեց համագործակցության հուշագիր և բացվեց համակարգչային լսարան

Դիտումների քանակ՝ 1045

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն այսօր բուհում հյուրընկալեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին և «Փյունիկ» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն  Սարգսյանին: Պատվավոր հյուրերին հյուրընկալելու առիթը հիմնադրամի և նախարարության միջև համագործակցության հուշագրի ստորագրումն էր, ինչպես նաև ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում «Փյունիկ»-ի նվիրատվությամբ հիմնանորոգված և համակարգիչներով կահավորված լսարանի  հանդիսավոր բացումը։

«Համագործակցության այս հուշագիրը վավերացնում է մեր անցած ճանապարհի արդյունքները և նոր հեռանկարներ է ստեղծում»,- հուշագրի ստորագրումից հետո ասաց ՀՀ ԿԳ նախարարը և անդրադարձ կատարեց կրթության ոլորտում «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գործունեությանը, որում դրսևորվում է կազմակերպության բարձր հանրային գիտակցությունն ու սոցիալական պատասխանատվությունը:

«Մեր հիմնադրամը այդպես էլ կոչվում է` «Մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամ», և մենք մեր առջև խնդիր ենք դնում աջակցելու  կրթական ծրագրերին` այդպիսով նպաստելով մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը»,- հայտարարեց Լևոն  Սարգսյանը։ Հուշագրի ստորագրումից հետո հյուրերը եղան մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում, որտեղ Լևոն Սարգսյանն ու ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը կատարեցին «Փյունիկ» հիմնադրամի միջոցներով վերանորոգված և համակարգչային տեխնիկայով համալրված լսարանի բացումը։

 «Հարմարավետ ու տեխնիկապես հագեցած այսպիսի լսարանները մեր ուսանողների ուսումնառությունը դարձնում են առավել արդյունավետ` համահունչ կրթության ժամանակակից զարգացումներին ու պահանջին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ հավելելով, որ ՀՊՏՀ վերափոխման ու վերազինման համատեքստում սա կարևոր ուղղություններից մեկն է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին