Գիտական սեմինար՝ համախմբված ֆինանսական հաշվետվությունների կազմման ընթացակարգերի մասին
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ֆինանսական հաշվառման ամբիոնի նախաձեռնությամբ ֆինանսական ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ գիտական սեմինար` «Համախմբված ֆինանսական հաշվետվությունների կազմման ընթացակարգերը միջազգային ստանդարտների մեկնաբանմամբ» թեմայով: Մասնակցում էին հաշվապահական հաշվառման և աուդիտի ու ֆինանսական ֆակուլտետների ամբիոների վարիչները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրանտներ ու ասպիրանտներ:
Բանախոսը` ֆինանսական հաշվառման ամբիոնի դասախոս, «Հայկական ծրագրեր» ընկերության առաջատար մասնագետ Վազգեն Թերզիբաշյանը, հանգամանորեն անդրադառնալով համախմբված ֆինանսական հաշվետվությունների կազմման միջազգային ստանդարտներով սահմանված ընթացակարգերին, նշեց, որ դրանք կազմելիս միավորվում են մայր կազմակերպության և դուստր կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները` տող առ տող իրար գումարելով ակտիվների, պարտավորությունների, սեփական կապիտալի, եկամտի ու ծախսի միանման հոդվածները: Ավարտին` բանախոսը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին