ՀՊՏՀ ուսանողներն իրենց սերն ու ջերմությունը փոխանցեցին մանկատան սաներին
ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի Բիզնեսի կազմակերպում» մասնագիտության 2-րդ կուրսեցիները երեկ այցելել են Զեյթունի «Մարի Իզմիրլյան» մանկատուն:
«Շրջապատված ընտանեկան սիրով ու ջերմությամբ՝ հաճախ մոռանում ենք, որ այս տխուր ու թախծոտ աշխարհում կան լքված ու միայնակ, սիրո ու հոգածության կարիք ունեցող երեխաներ: Որոշեցինք գոնե փոքր-ինչ ուրախացնել ու տոնական տրամադրություն հաղորդել նրանց»,- մեզ պատմեցին ացի կազմակերպիչներ Ծաղիկ Ամրոյանն ու Արմինե Սարիբեկյանը՝ ավելացնելով, որ մանկատուն այցելության իրենց առաջարկին մեկ մարդու նման արձագանքել է ողջ կուրսը, գումար են հավաքել և անգլերենի դասախոս Լուսինե Կարագուլյանի օգնությամբ ու աջակցությամբ գնել գրենական պիտույքներ, խաղալիքներ ու քաղցրավենիք:
Մանկատան փոքրիկները ուրախությամբ են դիմավորել իրենց այցի եկած հյուրերին: Նրանց մեծ հրճվանք ու բավականություն են պատճառել հատկապես մեր ուսանողների տարած մուլտֆիլմերի հերոսները, ովքեր մի քանի ժամով երեխաներին տեղափոխել են երազանքների ու հեքիաթների աշխարհը:
«Մեզ համար ևս մեծ բավականություն էր հանդիպումը մանկատան սաների հետ: Կարճ ժամանակ անց մտերմացանք և անսահման երջանիկ էինք, որ կարողացանք գոնե փոքր-ինչ ջերմացնել նրանց»,-նշեցին մեր ուսանողները և վստահեցրին, որ հասցրել են սիրել մանկատան փոքրիկներին և շարունակելու են այցելել նրանց:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին