Գիտահետազոտական կյանքի աշխուժացման համար կարևոր են այսպիսի գիտաժողովները. ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյան

Դիտումների քանակ՝ 865

«Այս օրերի խորհուրդը երկու բանի մեջ էր՝ նախ դուք կարողացաք զբաղվել գիտահետազոտական աշխատանքով և հետո սերտացրեցիք ձեր շփումները։ Ինչքան լավ ճանաչեք իրար, այնքան շատ կհարգեք ու կսիրեք իրար»,– երեկ Ծաղկաձորում «ՀՀ անկախ տնտեսության 20 տարիները» գիտաժողովի փակման ժամանակ ուսանողներին ուղղված խոսքում հայտարարեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը։ Շարունակելով՝ Կորյուն Աթոյանն ընդգծեց, որ ռեկտորի պաշտոնը ստանձնելիս իրեն շատ են հետաքրքրել բուհի հիմնախնդիրները։ «Ստանձնելով ռեկտորի պաշտոնը՝ ես արձանագրեցի բարեփոխումների 4 ուղղություն՝ կրթական, գիտահետազոտական, արտաքին կապեր և ուսանողական կյանքի աշխուժացում։ Բոլոր 4 ուղղություններով էլ լուրջ բացթողումներ կային»,– հայտարարեց բուհի ռեկտորը՝ գիտական և հետազոտական կյանքի աշխուժացման համատեքստում կարևորելով ուսանողական գիտաժողովը։ 

Եռօրյա գիտաժողովի փակման օրը ևս անցավ ջերմ մթնոլորտում։ Ժյուրիի անդամները նույնպես ելույթներ ունեցան՝ գործնական դիտարկումներից բացի ջերմ խոսքեր ուղղելով ուսանողների։ Մարքեթինգի ամբիոնի վարիչ Արարատ Զաքարյանն իր խոսքում արձանագրեց, որ գիտաժողովը կայացավ՝ թեև կային և թույլ, և հաջողված զեկույցներ։ Նա նաև շնորհակալություն հայտնեց ռեկտորին՝ գիտաժողովի անցկացմանն աջակցելու համար։ 

Ժյուրիի անդամներից կառավարման ֆակուլտետի փոխդեկան Մերի Բադալյանն իր խոսքում ընդգծեց նման միջոցառումների այն յուրահատկությունը, որով ամրանում և ճիշտ ուղու վրա են դրվում միջանձնային հարաբերությունները։ Ֆինանսական հաշվառման ամբիոնի դասախոս Սուրեն Բաբաջանյանը նշեց, որ մասնագիտական հմտություններից առավել կարևոր են մարդկային հատկանիշները։ «Ո՞ւմ է պետք սրիկա տնտեսագետը կամ սրիկա հաշվապահը»,– ասաց նա՝ հավելելով, որ ինքն անկեղծորեն ցանկանում է բուհի «Մենք փոխվում ենք» կարգախոսի ներքո իսկապես տեսնել, որ մարդիկ փոխվում են։ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին շնորհակալության խոսք ուղղեց նաև ՈՒԽ նախագահ Սևակ Խաչատրյանը՝ ընդգծելով ռեկտորի աջակցությունն ուսանողական նախաձեռնություններին։

Գիտաժողովի երրորդ օրն ավարտվեց հաճելի արարողությամբ. ռեկտոր Կորյուն Աթոյանն ու Սևակ Խաչատրյանը մրցանակային տեղերում հայտնված ուսանողներին հանձնեցին պատվոգրեր և հուշանվերներ, իսկ մյուս մասնակիցներին՝ հավաստագրեր։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին