«Անկախ տնտեսության 20 տարիները» գիտաժողովի երկրորդ օրը ուսանողներին հյուրընկալվեց վարչապետը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և ՀԵՀ–ի նախաձեռնած «Անկախ տնտեսության 20 տարիները» խորագիրը կրող ուսանողական գիտաժողովի երկրորդ օրը ուսանողներին հյուրընկալվեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀԵՀ նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը։
Գիտաժողովի այսօրվա աշխատանքներին իր այցելությունը բերած կառավարության ղեկավարը հանդես եկավ «Հետճգնաժամային տնտեսական քաղաքականության մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով դասախոսությամբ՝ ներկայացնելով ճգնաժամի արմատները, դրանց դրսևորումները, ինչպես նաև այն հաղթահարելու ելքերը։ Դասախոսության ավարտին Տիգրան Սարգսյանը նաև պատասխանեց ուսանողների հարցերին, ունկնդրեց ուսանողներից մեկի զեկույցը։
Նշենք, որ երեկվանից մեկնարկած գիտաժողովին մասնակցում են ՀՊՏՀ 100–ից ավելի ուսանողներ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։ Ներկայացված մոտ 250 աշխատանքներից՝ համապատասխան մասնագետների, ամբիոնների գրախոսություններից հետո, ինչպես նաև ժյուրիի ընտրության արդյունքում կոնֆերանսի ընթացքում ներկայացվում են 30 զեկույցներ՝ նվիրված Հայաստանի տնտեսության անցած քսան տարիների առանցքային ձեռքբերումներին։
Գիտաժողովը կավարտվի վաղը, նախատեսվում է արդյունքների ամփոփում և հաղթողների պարգևատրում։ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը գիտաժողովի երրորդ օրը ևս կլինի ուսանողների կողքին՝ մասնակցելով գիտաժողովի փակման արարողությանը։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին