ՀՊՏՀ վոլեյբոլի հավաքականը արժանացավ արծաթե մեդալի
Այսօր տեղի ունեցավ ՀՈՒ (հանրապետական ուսանողական) 13-րդ մարզական խաղերի ծրագրով վոլեյբոլի կանանց առաջնության եզրափակիչ փուլը, որն հատկապես վճռորոշ էր ՀՊՏՀ վոլեյբոլի հավաքականի համար: Մեր մարզիկները չեմպիոնական տիտղոսի համար պայքարի դուրս եկան Արցախի պետական համալսարանի ուժեղ և բարձր վարկանիշ ունեցող թիմի հետ:
ՀՊՏՀ հավաքականին քաջալերելու և աջակցելու էին եկել ՀՊՏՀ պրոռեկտորներ Միհրդատ Հարությունյանը, Պարույր Քալանթարյանը, արհկոմիտեի նախագահ Գրիգոր Տերտերյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
ՀՊՏՀ մարզադահլիճում մթնոլորտը թեժ էր ու լարված: Մեր աղջիկները տրամադրված էին մարտականորեն և զորեղ մրցակցի դեմ մղեցին անզիջում պայքար: Խաղն ընթացավ երեք խաղափուլով, որոնցից յուրքանչյուրում միավորների չնչին տարբերությամբ մեր թիմը զիջեց մրցակցին։ Արդյունքում 3:0 հաշվով պարտվելով արցախցիներին` ՀՊՏՀ հավաքականը գրավեց երկրորդ տեղը՝ նվաճելով մրցաշարի արծաթե մեդալը: Նշենք, որ Արցախի պետական համալսարանի հավաքականը մրցաշարի ընթացքում իրեն դրսևորել է լավագույն կողմերով`գրանցելով միայն հաղթանակներ:
Խաղի ավարտից հետո տեղի ունեցավ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Ուսանողական մարզական ընկերության պատասխանատու քարտուղար Հենրիկ Մոկացյանը, շնորհավորելով բոլորին, հաղթող թիմին հանձնեց մրցաշարի գավաթը, ոսկե մեդալներ և դիպլոմներ:
ՀՊՏՀ հավաքականի մարզիկներն արժանացան արծաթե մեդալների և դիպլոմների:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության բաժինը շնորհավորում է ՀՊՏՀ վոլեյբոլի հավաքականի մարզիչ Սիմոն Հակոբյանին, մարզիկներին`Լուսինե Մուրադյանին, Անի Գրիգորյանին, Սաթենիկ Գրիգորյանին, Հասմիկ Խռոյանին, Լիա Միրզոյանին, Լուսինե Ներսիսյանին, Մարիամ Սարգսյանին, Վարսենիկ Միրզոյանին, Շուշան Ասատրյանին, Սառա Երիցյանին, Նոնա Հակոբյանին, Սոֆյա Մնացականյանին` դիտարժան և հետաքրքիր խաղի, մարզական կամքի դրսևորման համար և մաղթում միմիայն հաղթանակներ:
Տեղեկացնենք` այս պահին ավարտվել է նաև 3-4-րդ տեղերի համար մղվող պայքարը: Երևանի պետական համալսարանի հավաքականը, 3:0 հաշվով հաղթելով Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի թիմին, գրավեց երրորդ հորիզոնականը և արժանացավ բրոնզե մեդալների և դիպլոմների:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին