«Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ընկերության երկրորդ դասընթացը նվիրված էր աուդիտի ռիսկերին
ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողներն այսօր ունկնդրեցին «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ընկերության «Աուդիտի» երկրորդ դասընթացը`նվիրված աուդիտի ռիսկերին: Որո՞նք են աուդիտի ռիսկերը, ինչպե՞ս են դրանք գնահատվում, ինչպե՞ս են ազդում աուդիտորական գործընթացի պլանավորման և իրականացման, աուդիտրական փաստարկների ձեռքբերման վրա: Հենց այս հարցերին էլ հանգամանորեն անդրադառնալով`ընկերության աուդիտի բաժնի մենեջեր Կարեն Սաֆարյանը նշեց, որ վերոնշյալ հարցերի պատասխանն իմանալու դեպքում է հնարավոր կազմել ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերաբերյալ աուդիտորական եզրակացություններ: Բանախոսը դասընթացի ընթացքում ունկնդիրներին հղեց թեստային հարցեր` ապահովելով ինտերակտիվ կապ լսարանի հետ:
«ՀՊՏՀ-ի հետ մեր համագործակցության ընթացքում շփվեցինք ուսանողների հետ և, պարզեցինք, որ նրանք անչափ հետաքրքրված են մասնագիտական այս դասընթացով և ձգտում են հնարավորինս շատ գիտելիքներ ձեռք բերել»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար, ավագ մենեջեր Սոնա Մարտիրոսյանը` տեղեկացնելով, որ ընկերության աշխատակիցները կանցկացնեն թեմային առնչվող ևս երկու սեմինար և իրենց տեսական ու գործնական գիտելիքները կհաղորդեն ուսանողներին:
Հիշեցնենք` աուդիտի առաջին դասընթացը նվիրված էր աուդիտի էությանը, հիմնախնդիրներին ու նպատակներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին