Վոլեյբոլի կանանց առաջնությունում ՀՊՏՀ հավաքականը 2։1 հաշվով հաղթանակ տոնեց ԵՊՀ հավաքականի նկատմամբ
Արդեն հայտնի են ՀՈՒ (հանրապետական ուսանողական) 13-րդ մարզական խաղերի ծրագրով վոլեյբոլի կանանց առաջնության հերթական փուլի արդյունքները: Ուրախությամբ նշենք, որ ՀՊՏՀ հավաքականը, խաղալով ուժեղ մրցակցի` Երևանի պետական համալսարանի թիմի հետ, ցուցաբերեց կամային բարձր հատկանիշներ և տոնեց արժանի հաղթանակ` 2: 1 հաշվով: «Առաջին խաղափուլում մեր աղջիկները վստահորեն հաղթեցին, երկրորդում` պայքարը թեժ էր ու լարված: Առաջ էինք անցել 25:24 հաշվով, և ընդամենը մեկ միավոր էր պակասում վերջնական հաղթանակի հասնելու համար: Հենց այդ պահին էլ մեր աղջիկների նյարդերը տեղի տվեցին և արդյունքում` 2 միավորով առաջ անցավ ԵՊՀ-ն»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության կապերի բաժնին ասաց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի պրոֆեսոր Սիմոն Հակոբյանը՝ հպարտորեն ավելացնելով, որ վճռորոշ` 3-րդ խաղափուլում, թեև հոգեբանական առավելությունը հակառակորդ թիմի կողմն էր, այնուհանդերձ, իր սաները կարողացան հավաքել բոլոր ուժերը և հաղթել:
Մյուս խաղերում արդյունքներն այսպիսին են` Հյուսիսային համալսարանի մարզիկները 1:2 հաշվով պարտվեցին հայկական պետական մանակավարժական համալսարանի հավաքականին, Հայաստանի պետական ագրարային և ֆրանսիական համալսարանների թիմերի մրցամարտում գրանցվեց 2:1 հաշիվը, Արցախի պետական համալսրանի մարզիկները 2:0 հաշվով հերթական հաղթանակը տոնեցին Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան հավաքականի հանդեպ:
Հիշեցնենք` այսօր ժամը 15.00-ին կխաղան Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական և Հայաստանի պետական ագրարային համալսարանների, 15.45-ին Երևանի բժշկական և Արցախի պետական համալսարանների, 16.30-ին` Հայաստանի պետական ճարտարագիտական և Երևանի պետական համալսարանների, 17.15-ին` Հայաստանի պետական տնտեսագիտական և հյուսիսային համալսարանների հավաքականները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին