ՀՊՏՀ «Index Pro» գիտակների թիմը հաղթական գավաթն ընծայեց ռեկտոր Կորյուն Աթոյանին

Դիտումների քանակ՝ 863

Գիտակների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ և «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանի հովանավորությամբ մարտի 10-11-ին Գյումրիում կայացած «Գյումրու գավաթ» խորագիրը կրող համահայկական ինտելեկտուալ մրցույթ-փառատոնում, որին մասնակցում էին 25 թիմեր ՀՀ և ԼՂՀ քաղաքաներից, ՀՊՏՀ «Index Pro» գիտակների թիմը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի արդյունքում դարձավ հաղթող և տուն վերադարձավ գավաթով ու պատվոգրով:

Այսօր մեր գիտակները հյուրընկալվեցին ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի աշխատասենյակում: Ռեկտորը հրավիրել էր նրանց կիսելու հաղթանակի բերկրանքը, շնորհավորելու թիմի անդամներին և մաղթելու առաջիկա մեծ ու աննախադեպ վերելքներ ինտելեկտուալ խաղերի մրցապայքարում:



«Ցանկացած հաջողություն ուրախալի է և ցանկալի, որ այդ մասին հնչի հրապարակավ, իմանան ուսանողները, պրոֆեսորդասախոսական կազմը: Ամեն հաջողություն, ձեռքբերում բարձրացնում է բուհի պատիվն ու համբավը»,- իր խոսքն ուղղեց ուսանողներին ռեկտորը և ցանկություն հայտնեց փոքր-ինչ մանրամասն իմանալ այս հաջողությանը նախընթաց պատմությունը, ինչպես նաև ծանոթանալ թիմի անդամներին:





Թիմի ավագ Հարություն Արզումանյանը ներկայացրեց թիմակիցներին` հատկանշելով, որ ստեղծվել է առողջ և աշխատող թիմ, որը կարող է դեռ հաղթանակներ գրանցել` ներկայացնելով ինտելեկտուալ շարժընթացը մեր բուհում և նրա սահմաններից դուրս:
Վերջում կրկին ջերմ բարեմաղթանքի խոսքեր հղելով ՀՊՏՀ-ական գիտակներին` ռեկտոր Կորյուն Աթոյանը նրանց նվիրեց արժեքավոր գրքեր, որոնք վայել են բանիմաց ու խելացի ուսանողներին. Վ Միրզոյան «Առաջնորդման մեթոդաբանությունը`ըստ Գարեգին Նժդեհի» և «ՀՀ տնտեսությունը` երեկ, այսօր, վաղը» թեզիսների ժողովածու: Ի պատասխան` գիտակները ռեկտորին նվիրեցին իրենց հաղթական գավաթը և պատվոգիրը` խոստանալով, որ առաջին կարևոր հաղթանակը սկիզբն է նորերի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին