ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողները` «Ձեռք ձեռքի հզորացնելով Եղեգնաձորի երիտասարդությանը» ծրագրի գործուն մասնակիցներ
Մարտի 17-ին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի է ունեցել «Ձեռք ձեռքի հզորացնելով Եղեգնաձորի երիտասարդությանը» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցել են ծրագրի փորձագետ, կառավարման ֆակուլտետի դեկան Էդգար Ղազարյանը, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը, «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի ծրագրի ղեկավար Նունե Ղազախեցյանը, «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի ծրագրի համակարգող Սամվել Նազարյանը, ծրագրին մասնակցած երիտասարդներ:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են «Երիտասարդական նախաձեռնության կենտրոնի» գործունեության արդյունքներն ու առաջիկա ծրագրերը, ամփոփվել «Երիտասարդների հայացքները, դիրքորոշումն ու մասնակցությունը համայնքային կյանքին» թեմայով հարցման արդյունքները, ինչպես նաև տեղի է ունեցել կենտրոնի նորաբաց ինտերնետային կայքի շնորհանդեսը:
Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց Էդգար Ղազարյանը, «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը Counterpart International կազմակերպության աջակցությամբ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ 2011 թվականի հունիսից Եղեգնաձորում սկսել է իրականացնել «Ձեռք ձեռքի հզորացնելով Եղեգնաձորի երիտասարդությանը» ծրագիրը, որին գործուն մասնակցություն են ունեցել նաև ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողները: Ընդգրկվելով «Երիտասարդական նախաձեռնության կենտրոնի» աշխատանքներում` ուսանողները մասնակցել են սեմինարների, լսել տարբեր փորձագետների, տեղեկացել, թե ի՞նչ է տեղական ինքնակառավարումը, ինչպե՞ս ձեռք բերել ֆինանսական միջոցներ, նախաձեռնել ու իրականացնել տարբեր ծրագրեր: Երիտասարդներն ուսուցողական այցով եղել են նաև Երևանում, հանդիպել հասարակական և միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մեզ հետ զրույցում Էդգար Ղազարյանը գոհունակությամբ նշեց, որ երիտասարդներն արդեն ներկայացրել և շահել են իրենց առաջին դրամաշնորհային ծրագիրը. տրամադրված ֆինանսական միջոցներով Եղեգնաձորի քաղաքապետարանի հետ համատեղ բարեկարգելու են քաղաքի «Մոմիկի» այգին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին