“Skype” համակարգի միջոցով ռեկտոր Կորյուն Աթոյանը “on-line” հանդիպում ունեցավ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողների հետ

Դիտումների քանակ՝ 824

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն այսօր “on-line” հանդիպում ունեցավ բուհի Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողների հետ։ Ինտերակտիվ այս հանդիպումը, որն իրականացավ «Skype» համացանցային համակարգի միջոցով, աննախադեպ էր, քանի որ համալսարանի պատմության մեջ սա առաջին դեպքն էր, երբ կիրառելով ժամանակից տեխնոլոգիաները՝ բուհի ղեկավարը կապ հաստատեց բուհի մասնաճյուղի ուսանողների հետ։

«Ողջունում եմ Ձեզ, սիրելի ուսանողներ։ Չնայած օբյեկտիվ պատճառներով մենք ուշ–ուշ ենք հանդիպում, սակայն ես տեղյակ եմ ձեր հոգսերին, մտահոգություններին ու կարիքներին»,– ուսանողների հետ “on-line” հանդիպումն այսպես սկսեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ ընդհանուր գծերով ուսանողներին ներկայացնելով իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կատարած հիմնական աշխատանքները։

«Այսօր բուհում որոշակի բարեփոխումներ են իրականացվում և´ կրթության ոլորտում, և´ գիտական ասպարեզում, և´ ուսանողների հետ աշխատանքներում։ Ընդհանուր առմամբ, փորձում ենք բուհում կրթական գործընթացները բերել այնպիսի մակարդակի, որ ավարտող ուսանողը աշխատանքային շուկայում աշխատանք ունենա և գործատուների համար պահանջված լինի։ Սրա համար պետք է բավական աշխատանքներ իրականացնենք և մեր կրթական ծրագրերը համապատասխանեցնենք գործատուի պահանջներին»,– նշեց ռեկտորը։

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը, ինչպես նաև ուսանողները ռեկտորից շնորհակալություն հայտնեցին այս բացառիկ հնարավորության համար, որից հետո ներկայացրին իրենց բազմաբնույթ հարցերը։ Նրանք հետաքրքրվեցին, թե երբ կարող է իրենց մասնաճյուղում բացվել մագիստրատուրա, ինչպես կարող են բուհի գրադարանի գրքերից օգտվել, ներկայացրին պրակտիկայի և մասնագիտացումների հետ կապված հարցեր։ Կորյուն Աթոյանը հանգամանալից պատասխանեց բոլոր հարցերին։ Մասնավորապես նա նշեց, որ մասնաճյուղում մագիստրատուրա բացելը տեխնիկական խնդիր է, սակայն այս պահին բուհի ղեկավարությունը մտածում է կրթության բովանդակության բարձրացման մասին, հստակեցնում և արդիականացնում ուսումնական ծրագրերը։ Իսկ, օրինակ, գրքերից օգտվելու համար Կորյուն Աթոյանն առաջարկեց հայտ ներկայացնել, թե որ գրքերն են անհրաժեշտ և եթե դրանցից բուհում լինեն, որոշ օրինակներ էլ պարզապես կտրամադրվեն մասնաճյուղին, որպեսզի ուսանողներն ամեն անգամ խնդիր չունենան գրքերն այստեղից վերցնելու։

Վերջում՝ ուսանողների հետ ինտերակտիվ հարցուպատասխանից հետո, ռեկտորը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողներին խոստացավ առաջին հնարավորության դեպքում այցելել Եղեգնաձորի մասնաճյուղ։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին