ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը ՀՊՏՀ ուսանողներին ներկայացրեց բազմաստիճան կենսաթոշակային համակարգը
«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի», ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիայի և ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության հետ համատեղ նախաձեռնել են դասախոսությունների շարք, և այսօր մենք պատիվ ունենք լսելու դրանցից մեկը»,-այսօր տեղի ունեցած ՀՊՏՀ ուսանողների ու ՀՀ Կենտրոնական Բանկի Խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանի և ԱՄՆ ՄԶԳ-ն աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց կառավարման ֆակուլտետի դեկան Էդգար Ղազարյանը և ձայնը տվեց ԱՄՆ ՄԶԳ կենսաթոշակային և աշխատանքային շուկայի բարեփոխումների ծրագրի տնօրեն Ռոզա Կիապպեին:
«Մենք այստեղ ենք եկել աջակցելու և օգնելու ձեր երկրին կենսաթոշակային բարեփոխումների իրականացման գործում: Հուսով ենք, որ ներկայացվող համակարգի ներդրումը հետագայում ձեզ կապահովի արդար ու համարժեք եկամուտով, միաժամանակ հնարավորություն կտա ձեր երկրին զարգանալու»,-դիմելով ուսանողներին՝ ասաց Ռոզա Կիապպեն և վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունն ընտրել է հիանալի ու ճիշտ ուղի: Նա հույս հայտնեց, որ այս բարեփոխումները կարժանան երիտասարդների հավանությանը, քանի որ դրանք հենց իրենց համար են:
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումներին` ՀՀ Կենտրոնական Բանկի խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանն ասաց, որ այս նախաձեռնությունը նպատակ ունի կենսաթոշակառուներին ապահովել արդարացի ու պատշաճ կենսաթոշակով, համակարգը դարձնել ֆինանսապես կայուն, ստեղծել ուղղակի կապ կատարված սոցիալական վճարների և կենսաթոշակի չափի միջև: Նա դիտարկմամբ` Հայաստանում ներկայում գործող բաշխողական կենսաթոշակային համակարգում առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնցից առաջնայինը հավաքագրված սոցիալական վճարները անբավարար լինելն է: Այդ պատճառով էլ, ինչպես նշեց բանախոսը, պետական բյուջեի ընդհանուր եկամուտներից կենսաթոշակների վճարման նպատակով կատարվում են լրացուցիչ վճարումներ: Ահարոն Չիլիգարյանի ներկայացմամբ` իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում կգործի բազմաստիճան կենսաթոշակային համակարգ, որի հայաստանյան մոդելը խարսխված է գործող բաշխողական համակարգի վրա` լրացված երկու նոր` պարտադիր և կամավոր կուտակային բաղադրիչներով: ՀՀ ԿԲ խորհրդի անդամը հանգամանորեն անդրադարձավ պարտադիր և կուտակային բաղադրիչներին, ներկայացնելով նոր համակարգի ընձեռած հնարավորություններն ու առավելությունները:
Ավարտին` Ահարոն Չիլիգարյանը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին