«Հպարտ եմ, որ հայ եմ, Հայաստանում եմ…».Սևակ Խանաղյանը հյուրընկալվեց ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 3626

Դասերի ավարտից հետո այսօր ՀՊՏՀ մեծ դահլիճի մուտքը մարդաշատ էր,  մի քանի  հարյուր ուսանող հերթում անհամբեր սպասում էր դահլիճ մտնելու ու բացառիկ միջոցառման մասնակիցը դառնալու. Ռուսաստանում բնակվող ու ստեղծագործող երգահան, հեղինակ-կատարող, ուկրաինական «X ֆակտոր» նախագծի 7-րդ եթերաշրջանի հաղթող, ռուսական «Գլխավոր բեմ» և «Ձայն» հեռուստանախագծերի մասնակից, մեր հայրենակից Սևակ Խանաղյանն այսօր Տնտեսագիտական համալսարանում էր՝ ուսանողների հետ հանդիպման:

Ինչպես բեմում, այնպես էլ բեմից դուրս, Սևակը նույնն է՝ անկեղծ, համեստ ու անմիջական…  հենց այս հատկանիշների և, իհարկե, տաղանդի համար էլ  նա այդքա˜ն սիրված է հանդիսատեսի կողմից: Այսօրվա հանդիպումը հնարավորություն էր նորովի՝ եթերից այն կողմ  ճանաչելու մեր հայրենակցին:

-Ողջունում եմ բոլորիդ, ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Ոչ մի սարսափելի բան չկա չէ՞, որ ձեզ հետ ռուսերենով հաղորդակցվեմ. հայերեն այնքան էլ լավ չեմ խոսում (բայց ամեն ինչ հասկանում եմ),-բեմ մտավ Սևակը՝ արժանանալով դահլիճի բուռն ծափողջուններին:

Ինչպես և նախատեսված էր՝ հանդիպումն անցավ հարցուպատասխանի ձևաչափով, անմիջական ու ջերմ մթնոլորտում: Առաջին հարցը Սևակին ուղղեց լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանը՝ հետաքրքրվելով, թե ինչպես է նա  հայտնի դարձել:

-Իսկ դուք ինձ որտեղի՞ց եք ճանաչում,-հարցին ի պատասխան, հարցրեց Սևակը, ապա շարունակեց.

-Ես պարզապես հայ տղա եմ, ով ծնվել է Լոռվա մարզի Մեծավան գյուղում, մինչև 7-րդ դասարանն ապրել Հայաստանում, ապա տեղափոխվել Ռուսաստան ու սկսել ստեղծագործական ուղի…

Ինչպես լսարանին պատմեց Սևակը, իր՝ երաժշտության հանդեպ սերը դեռ մանկուց է, դպրոցահասակ վաղ տարիքից հաճախել է երաժշտական դպրոց, երգել, ստեղծագործել…Նրա նվիրական երազանքն ու նպատակը երգարվեստում կայանալն է եղել, լսարանին որակյալ երգ-երաժշտություն մատուցելը և հավատալով ինքն իրեն՝ նա գործել ու հայտնի է դարձել:

-Երգարվեստից բացի, ուրիշ ի՞նչ ոլորտում եք ձեզ պատկերացնում,-հարցրեց ուսանողներից մեկը:

-Ոչ մի, ներեցեք, բայց իսկապե'ս ոչ մի ոլորտում, որովհետև իմը երգն է-կտրուկ, բայց սիրալիր պատասխանեց մեր հայրենակիցը:

Հայաստանում գործունեությունը շարունակելու վերաբերյալ հարցերի շուրջ Սևակն ասաց, որ առաջիկայում որպես ժյուրի՝ հանդես է գալու «Հայաստանի ձայնը» նախագծում և փորձելու է բացահայտել ու աջակցել տաղանդավոր, ներուժ ունեցող երիտասարդներին:

-Սիրով կաշխատեմ նրանց հետ, ովքեր բեմում անկեղծ կլինեն, ինքնաբուխ, անբռնազբոսիկ…սա ամենակարևորն է արտիստի համար:

Իսկ երբ ՀՊՏՀ-ականներից մեկը խնդրեց մի երգ կատարել, Սևակը պատասխանեց.

-Դուք իմ երգերից ո՞րն անգիր գիտեք:

-Բոլորը,-միաձայն արձագանքեց դահլիճը:

- Ուրեմն, երգենք «Մի լռիր»-ը,-հուզված պատասխանեց երգիչն ու լսարանն անմիջապես միացավ նրան…

Դահլիճում  ջերմ մթնոլորտը շարունակվում էր:

-Ես Ձեզ հարց չեմ տա, սիրելի Սևակ, պարզապես շնորհակալություն կհայտնեմ, որ դուք կաք և արտերկրում ներկայացնում եք հային, Հայաստանը, հպարտորեն եք խոսում Ձեր ազգության մասին, սա մեզ համար մեծ բան է,-հուզմունքով արտաբերեց ուսանողներից մեկը:

-Դուք այն երգիչն եք, որին սիրում են բոլորը, թե' հայրենիքում, թե' դրսում,-հավելեց մեկ ուրիշը…

Հանդիպման ավարտին սիրված երգիչն անակնալ մատուցեց ուսանողներին՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 23-ին Երևանում կայանալիք մեծ մենահամերգի տոմսերն ուսանողները կարող են ձեռք բերել զեղչով:

Հոտնկայս ծափայարություններով դահլիճը ճանապարհեց Սևակ Խանաղյանին՝ շնորհակալություն հայտնելով հանդիպման, գեղեցիկ օրվա համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին