ՀՊՏՀ-ում անգլերենի դաս անցկացրեց Malvern House անգլիական դպրոցի մասնագետը
Միջազգային կրթական խորհրդի և անգլերենի ակումբի հիմնադիր Ռաֆայել Գևորգյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց, որ իրենց կազմակերպության հովանավորությամբ անգլիական դպրոցի լավագույն մասնագետները հյուրընկալվում են Հայաստանում և անգլերենի ուսուցման լավագույն փորձը ներկայացնում այստեղ: Կազմակերպությունն օգնում է ուսանողներին` մասնակցելու Անգլիայի լավագույն ուսումնական հաստատությունների ամառային և ձմեռային դպրոցի աշխատանքներին:
Միջազգային կրթական խորհրդի հերթական հյուրը Malvern House անգլիական դպրոցի լավագույն մասնագետ Բենջամին Իսթեդն էր, որը մարտի 6-ին հյուրընկալվեց ՀՊՏՀ-ում և նիստերի սրահում ուսանողների համար անցկացրեց անգլերենի հետաքրքրական և ուշագրավ դաս: Ողջունելով ուսանողներին` դասախոսը նշեց, որ իր նպատակը բանավոր խոսքի զարգացումն է: Նա հորդորեց ունկնդիրներին միմյանց և իր հետ հաղորդակցվել միայն անգլերենով: Այնուհետև Բենջամին Իսթեդը ուսանողներին բաժանեց նկարներ և ասաց, որ դրանց մասին պատմեն անգլերենով: Կարճ ժամանակ անց մեր ուսանողներն արդեն պատրաստ էին կատարելու ուսուցչի պահանջները:
Ուրախությամբ նշենք, որ ՀՊՏՀ ուսանողները այս դասի ընթացքում անգլերենից ցուցաբերեցին բարձր գիտելիքներ և գոհացրին դասախոսին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին