ՀՊՏՀ–ում բացվեց ցուցահանդես. ռեկտոր Կորյուն Աթոյանն առաջարկեց ստեղծել նկարիչների, ինչպես նաև այլ շնորհալիների ակումբներ
«Հպարտորեն եմ ուզում ասել, որ մեր բուհում սովորում են ոչ միայն շատ խելացի, այլև տաղանդաշատ ուսանողներ»,-զբոսաշրջության կառավարում մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Հովակիմյանի և ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտության 4-րդ կուրսեցի Անի Հովհաննիսյանի գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսի այսօր տեղի ունեցած բացման արարողության ժամանակ ասաց կառավարման ֆակուլտետի դեկան Էդգար Ղազարյանը և շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին այս գեղեցիկ նախաձեռնությանն աջակցելու համար:
Ներկայացնելով տաղանդաշատ ուսանողներին` դեկանը նշեց, որ վերջիններիս «հայտնաբերել» է շատ պատահականորեն. ֆեյսբուքյան էջի շնորհիվ ծանոթացել է նրանց հետ և հասկացել, որ այսպիսի ուսանողներին պետք է ճանաչել ու գնահատել ըստ արժանվույն: Էդգար Ղազարյանը սիրով տեղեկացրեց, որ ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցում է նաև ճանաչված նկարիչ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի գեղանկարի ամբիոնի պրոֆեսոր Սարգիս Թերզյանը:
«Բուհն այն միջավայրն է, որտեղ պետք է ոչ միան լավ մասնագետ ձևավորվի, այլև շնորհաշատ երեխաները պետք է գտնեն իրենց տեղը: Այստեղ յուրաքանչյուրը պետք է կարողանա դրսևորել իր կարողությունները, զբաղվել իր նախասիրած գործով»,-ողջունելով միջոցառման մասնակիցներին և հյուրերին` ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը և ուսանողներին առաջարկեց ստեղծել արվեստասերների տարբեր ակումբներ` ըստ նախասիրությունների: ՀՊՏՀ ռեկտորը, այսօրվա ցուցահանդեսը նկատի ունենալով, առաջարկեց հենց ցուցահանդեսի հեղինակների մասնակցությամբ որպես առաջին ակումբ՝ ստեղծել նկարիչների ակումբ։
Շնորհալիների ակումբներ բացելու ռեկտորի հրապարակային հայտարարությանն արձագանքեց Սարգիս Թերզյանը՝ պատրաստակամություն հայտնելով նկարիչների ակումբի ստեղծման դեպքում շաբաթական մեկ օր դասընթաց վարել։ Նա հորդորեց շնորհաշատ աղջիկներին շարունակել ստեղծագործել և հասնել հաջողությունների նաև այս բնագավառում:
Հուզված և ոգևորված էին երիտասարդ նկարչուհիները` Անուշ Հովակիմյանը և Անի Հովհաննիսյանը: Նրանք իրենց խոսքում շնորհակալության ու երախտագիտության ջերմ խոսքեր հղեցին ռեկտոր Կորյուն Աթոյանին, դեկան Էդգար Ղազարյանին, դեկանի տիկնոջը` Մարիանա Ղազարյանին` իրենց այս հնարավորությունն ընձեռելու և գեղեցիկ օր պարգևելու համար:
Բացման արարողության ավարտից հետո ներկաները մեծ հաճույքով ու բավականությամբ ծանոթացան ապագա տնտեսագետների ստեղծագործությունների հետ, որոնք հիմնականում դիմանկարներ ու ծաղրանկարներ էին: Այնպես, որ կառավարման ֆակուլտետի 3-րդ հարկի ճեմասրահի պատից ուսանողներին դեռ մի ամբողջ ամիս կժպտան իրենց սիրած ու ճանաչված մարդիկ`Մհեր Մկրտչյանը, Արմեն Ջիգարխանյանը, Անդրիանո Չելենտանոն, Ալեսսանդրո Սաֆինան, Մերլին Մոնրոն, Շարլ Ազնավուրը, դեկան Էդգար Ղազարյանը, դասախոսներ Հայսեր Գասպարյանը, Վարդան Վլասյանը և այլք: Նշենք նաև, որ ցուցահանդեսը բացվել է կանանց միամսյակի շրջանակներում։