Ստեղծվում է ճամփորդական ակումբ

Դիտումների քանակ՝ 959

Կառավարման ֆակուլտետի դեկան Էդգար Ղազարյանի գաղափարը` ՀՊՏՀ-ում ստեղծելու ճամփորդական ակումբ, որը կլինի գաղափարակիցների համախմբման, ուսանողական ժամանցի կազմակերպման հավաքատեղի և նոր շունչ, աշխուժություն, գործնականություն կհաղորդի ուսանողական կյանքին, արագորեն արձագանք ստացավ: Կառավարման ֆակուլտետի զբոսաշրջության կառավարման մասնագիտության 4-րդ կուրսեցիներ Լիանա Գասպարյանին, Հասմիկ Մսրյանին, Մերի Թովմասյանին, Նարինե Ակոպովային գաղափարը հոգեհարազատ էր և ուղղակիորեն առնչակից մասնագիտությանը: Աղջիկներն անմիջապես արձագանքեցին և ձեռնամուխ եղան այն կյանքի կոչելուն:

Այսօր արդեն ձևավորված է ակումբի գործունեության նպատակը, որն է` ուսանողներին համախմբել ընդհանուր հետաքրքրությունների շուրջը, աշխուժացնել ուսանողական կյանքը, նպաստել մասնակիցների բարոյական, գեղագիտական և մշակութային զարգացմանը: Ակումբականները դեռևս անվանման փնտրտուքի մեջ են, սակայն արդեն պատկերացնում են, թե ովքեր կարող են անդամակցել, հավաքների ինչ հաճախականությամբ, արշավների, ճամփորդությունների, էքսկուրսիաների ինչպիսի բնույթով:

«Երբ գաղափարն արդեն մարմնավորվում էր, դիմեցինք մարքեթինգի ամբիոնի դասախոս Կարեն Բաբաջանյանին: Ողջունելով մեր նախաձեռնությունը` նա սկսեց ուղղորդել և մատնանշել ակումբի գործունեության ու կայացման համար գործնական ու գրագետ ուղիներ»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Լիանա Գասպարյանը՝ հավելելով, որ արդյունքը եղավ այն, որ առաջիկայում ստեղծելու են այն բաղկացուցիչները (անվանում, կարգախոս, լոգո), որոնք ընդհանուր տեղեկատվություն կհաղորդեն ակումբի վերաբերյալ, կհստակեցվի գործունեության հայեցակարգը, և այս ամենն ամբողջական կեպով կներկայացվի շնորհանդեսում: Մինչ այդ մեր ուսանողուհիները հույս ունեն կազմակերպել առաջին փորձնական ճամփորդությունը կամ էքսկուրսիան:

Մենք նույնպես ողջունում ենք ակտիվ ուսանողների վերոնշյալ նախաձեռնությունը և ուրախ կլինենք տեսնել նաև այլ` ՀՊՏՀ ընթերցասերների, արվեստասերների, տարբեր մարզաձևերի սիրահարների, ինտելեկտուալ և սպորտային ակումբների ստեղծումը, այդ թվում` և համալսարանի, և ֆակուլտետների ու ամբիոնների մակարդակով։ Վստահ ենք, որ նման ակումբների ստեղծմանը կօժանդակի նաև մեր համալսարանի ղեկավարությունը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին