ՀՀ պաշտպանության նախարարը այցելեց ՀՊՏՀ
Մարտի 2-ին ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողությունը, աշխատակիցները հպարտության և ոգեկոչի ժամեր ապրեցին` իրենց հարկի տակ լեփ-լեցուն դահլիճում հյուրընկալելով ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապես Սեյրան Օհանյանին: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի և ուսխորհրդի նախաձեռնությամբ։
Մասնակիցներն ունկնդրեցին նախարարի ընդգրկուն անդրադարձը ՀՀ զինված ուժերի կազմավորման ու կայացման 20-ամյա պատմությանը: Սեյրան Օհանյանը հիշատակեց Արցախյան հերոսամարտում ՀՊՏՀ-ում ուսանած ազատամարտիկների խիզախությունն ու սխրանքները, անձնվիրությունը: Նա կարևորեց երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ինչպես նաև զինված ուժերում կրթության կազմակերպումը:
Նախարարը սիրով պատասխանեց դասախոսների ու ուսանողների բազմաթիվ հարցերին:
ՀՀ պաշտպանության նախարարի այցը ՀՊՏՀ նշանավորվեց հաճելի մի արարողությամբ. ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար նախարարը «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով պարգևատրեց ՀՊՏՀ փիլիսոփայության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սարգսյանին, ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի բաժնի խորհրդատու Ալեքսանդր Հարությունյանին: ՀՊՏՀ ուսանողներից անբասիր ծառայության համար այս բարձր պարգևին արժանացան մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի հեռակա ուսուցման 3–րդ կուրսի ուսանող Արայիկ Մարտիրոսյանը, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի առկա ուսուցման 4-րդ կուրսի ուսանող Վիգեն Թարխանյանը:
Վերջում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը միմյանց հանձնեցին խորհրդանշական նվերներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին