Սննդի անվտանգության ապահովման գործում մեծ է երկրի տնտեսական զարգացման գործոնը. Պիպոյան

Դիտումների քանակ՝ 845

Այսօր ՀՊՏՀ ուսումնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական «Բաց դասը»,  որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության պետի մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը:

«Սննդի անվտանգություն ազգային անվտանգության պահպանման կարևորագույն բաղադրիչներից է: Մեր ծառայությունը կոչված է ամեն ինչ անելու, որպեսզի  հանրապետությունում  արտադրվի և ներմուծվի միայն բարձրորակ և անվտանգ սնունդ»,- ներկայացնելով իրենց գործառույթներն ասաց Բաբկեն Պիպոյանը և ավելացրեց, որ  ծառայությունը բաղկացած է երեք տեսչություններից` անասնաբուժական, բուսասանիտարական ու սննդի անվտանգության և որակի: Բանախոսի ներկայացմամբ` տեսչություններից յուրաքանչյուրը վերահսկում է իր բնագավառը`փորձելով կանխարգելել առողջության համար վտանգավոր և անորակ սննդի արտադրությունը և ներկրումը:

Բաբկեն Պիպոյանն ապագա տնտեսագետներին հավաստիացրեց, որ սննդի անվտանգության  ապահովման գործում մեծ է երկրի տնտեսական զարգացման գործոնը:  Նրա դիտարկմամբ` սննդի անվտանգության ապահովումը շատ թանկ է, և, ցավոք սրտի, ոչ միշտ է հնարավոր վերահսկել բոլոր ցուցանիշները: Մամուլի խոսնակը կարևորեց նաև հանրային իրազեկվածությունը՝ նշելով, որ  սննդային թունավորումների 80 տոկոսի մեղավորը այն քաղաքացին է, ով  օգտագործում է ժամկետանց սննդամթերք:

Բաբկեն Պիպոյանը հորդորեց յուրաքանչյուրին լինել հետևողական  սննդամթերքի ձեռքերման գործում և օգնել իրենց` սննդամթերքի որակն ու անվտանգությունը վերահսկելու դժվարին աշխատանքներում:

Ավարտին` բանախոսը պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին