ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ առաջին կուրսեցիներին նվիրված «Բարի գալուստ» տոնական երեկոն
ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը՝ համալսարանի ղեկավարության աջակցությամբ ամեն տարի առաջին կուրսեցիների մուտքը համալսարանական կյանք դարձնում է գունեղ ու անմոռանալի՝ հանդես գալով գեղեցիկ նախաձեռնություններով: Սեպտեմբերի 8-ին «Բարի գալուստ» համերգային միջոցառումը ՀՊՏՀ բակ էր բերել բազում ուսանողների և օրվա հերոսներին՝ առաջինցիներին: Երեկոյի մասնակիցներին ողջունել է ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, կրկին շնորհավորել 1-ին կուրսեցիներին և նրանց բարեմաղթանքներ հղել:
Ուսանողների ուրախ ժամանցն ապահովել է DJ Soprano-ն, ելույթ է ունեցել համալսարանի նորաստեղծ «ASUE band» երաժշտական խումբը: Բեմում են եղել նաև ՀՊՏՀ ուրախներն ու հնարամիտները, ովքեր երեկոն համեմել են հումորով ու ծիծաղով:
Նորեկների համար միջոցառման թերևս ամենասպասված մասը վիճակահանությունն է եղել. սեպտեմբերի 1-ին ՈւԽ-ն հատուկ քարտեր է տրամադրել 1-ին կուրսեցիներին, որով և նրանք ներկայացել են սեպտեմբերի 8-ի համերգին: Նշելով իրենց անուն-ազգանունները և ֆակուլտետը՝ առաջին կուրսեցիները երեկոյի ընթացքում քարտերը գցել են հատուկ արկղի մեջ, իսկ ավելի ուշ, ուսխորհրդականները հանել են 3 քարտ՝ պատահականության սկզբունքով որոշելով 3 հաջողակ ուսանողի և նրանց հանձնել մրցանակներ:
ՈւԽ նախաձեռնությունները շարունակական են: ՀՊՏՀ ուսանողների այսօրվա ժամանցը ևս ապահովված է. ժամը 14.00-ին համալսարանի մեծ դահլիճում նրանք հնարավորություն կունենան հանդիպելու Հայաստանում և արտերկրում սիրված երգիչ Սևակ Խանաղյանին:
Լուսանկարները՝ ՈւԽ-ից
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին