ՀՊՏՀ շրջանավարտներն աշխատանքի են անցել ՊԵԿ-ում. շնորհակալական նամակ ռեկտոր Կորյուն Աթոյանին

Դիտումների քանակ՝ 4171

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտներ Մհեր Շահինյանը, Մարիամ Չալկադրյանը, Համլետ Դանիելյանը, Գոհար Մովսիսյանը և Անի Հունանյանը աշխատանքի են անցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ֆինանսահաշվային վարչությունում: Այս առիթով վարչության պետ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալական նամակ է հղել ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանին՝ հույս հայտնելով, որ երկու կառույցների միջև եղած սերտ կապը կշարունակվի և ավելի կամրանա:

«Այս համագործակցության արդյունքում մեր թիմին հաղորդվեց նոր շունչ և աշխատանքային վերածնված մթնոլորտ: Որպես ՀՀ ԿԱ ՊԵԿ ֆինանսահաշվային վարչության պետ՝ Ձեզ եմ հայտնում խորին երախտագիտությունս՝ կրթական բարձր մակարդակ և մասնագիտացում ունեցող կադրեր պատրաստելու համար: Մենք արժևորում ենք ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև համագործակցությունը, որը մեծապես նպաստում է ՀՀ աշխատաշուկան բարձր որակավորմամբ կադրերով ապահովելու գործընթացին»,- մասնավորապես նշված ռեկտոր Կորյուն Աթոյանին ուղղված նամակում:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ՀՊՏՀ շրջանավարտների աշխատանքի տեղավորման խնդրի լուծման նպատակով  նախաձեռնել է պետական և մասնավոր մի շարք գերատեսչությունների հետ համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու մասին պայմանագրերի կնքման գործընթաց: Ուշագրավ է, որ այն սկսվել է հենց պետական եկամուտների կոմիտեի հետ պայմանագրի կնքմամբ՝ 2011թվականին: Այդպիսով, երկու կառույցները սկսեցին մաքսային և հարկային ոլորտների մասնագիտացմամբ մագիստրոսական կրթական ծրագրի իրականացում: Սույն նախաձեռնության շրջանակներում պետական եկամուտների կոմիտեն մեր համալսարանին նվիրեց նաև հարկային և մաքսային մասնագիտացված լսարաններ՝ կահավորված և տեխնիկապես վերազինված:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին