Մենք հիացած ենք ապագային միտված Ձեր քայլով. ԵՈՒՄ ներկայացուցիչը՝ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին
Եվրոպական ուսանողական միության (ԵՈՒՄ) պատվիրակությունը, որը Հայաստանում է ՀՀ-ում բարձրագույն կրթության իրավիճակի մոնիթորինգ անցկացնելու, ինչպես նաև այդ բնագավառում ուսանողների ներգրավվածության աստիճանը գնահատելու համար, այսօր հանդիպեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի հետ՝ ներկայացնելով իրենց միության գործունեությունը։
ԵՈՒՄ ազգային ուսանողական կառույցների զարգացման հանձնաժողովի նախագահ Մարեկ Բառանսկին նշեց, որ իրենց կազմակերպությունը հիմնվել է 1992թ., Շվեդիայում։ Կազմակերպությանն այս պահին անդամակցում են 45 երկրների ուսանողական կազմակերպություններ։ Հայաստանի ուսանողական ազգային ասոցացիան հիշյալ կազմակերպության անդամակցության թեկնածու է, իսկ լիիրավ անդամակցության հարցը կքննարկվի այս տարի Ռումինիայում, որտեղ նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կստանձնի բարձրագույն կրթության տարածաշրջանայի նախագահությունը։ Մարեկ Բառանսկիի ներկայացմամբ՝ իրենց նպատակն է այցի արդյունքում ծանոթանալ Հայաստանում կրթական համակարգում ուսանողների ներգրավվածությանը, շարժունակությանը, Բոլոնյայի գործընթացի ներդրմանը։
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նախ հույս հայտնեց, որ համառ աշխատանքի արդյունքում Հայաստանի ուսանողական ազգային ասոցացիան կկարողանա դառնալ կազմակերպության արժանի անդամը, ապա ավելացրեց, որ ինքը պատրաստ է աջակցել այդ գործընթացին։ Ռեկտորի ներկայացմամբ՝ Տնտեսագիտական համալսարանում ուսանողները 25 տոկոսի չափով ներգրավված են բուհի կառավարման բոլոր օղակներում՝ և բուհի խորհրդում, և գիտխորհրդում, իսկ ուսխորհրդի նախագահը ի պաշտոնե ընդգրկված է ռեկտորատի կազմում։ Չնայած ուսանողների այսչափ ներգրավվածությանը՝ Կորյուն Աթոյանը նկատեց, որ կրթական համակարգում ամբողջ ուսանողության ներգրավման ուղղությամբ դեռ բավական անելիքներ կան։ Ինչ վերաբերում է Բոլոնյայի գործընթացին՝ ՀՊՏՀ ռեկտորը նշեց, որ գնահատականներ կարող է տալ միայն վերջնարդյունքը տեսնելու հետո, երբ պարզ կդառնա, որ գործընթացը նպաստել է կրթության որակի բարձրացմանը։
«Ես գիտեմ, որ Հայաստանը բոլոր ուղղություններով եվրոպական արժեհամակարգի կրող է և անպայման, դժվարությամբ, բայց բոլոր ուղղություներով միանալու է եվրոպական ընտանիքին»,– հայտարարեց ՀՊՏՀ ռեկտորը։ Բառանսկին իր հերթին ավելացրեց, որ ինքը շահագրգռված է իրենց կազմակերպությանը Հայաստանի ուսանողական ազգային ասոցացիայի անդամակցությամբ՝ հավելելով, «Ես շատ տպավորված եմ ՀՀ զարգացմամբ։ Երբ օդանավակայանից եկանք, ինձ թվաց՝ ես մեծ եվրոպական երկրում եմ»։
Պատվիրակության ներկայացուցիչը հետաքրքրվեց շրջանավարտների՝ աշխատանք գտնելու հնարավորությամբ, ինչի ի պատասխան Կորյուն Աթոյանը նշեց, որ բուհը՝ իր նախաձեռնությամբ, մի շարք պետական կառույցների հետ համաձայնագրեր է ստորագրել, ինչի արդյունքում պատրաստվում են այնպիսի կադրեր, որոնք հետագայում անհրաժեշտ կլինեն այդ կառույցներին։ «Ես ուրախ եմ, հիացած եմ ապագային միտված Ձեր քայլով»,– հայտարարեց Մարեկ Բառանսկին՝ ավելացնելով, որ իրենք նախատեսել էին ռեկտորի հետ հանդիպումն անցկացնել 20 րոպեում, սակայն հանդիպումն այնքան հետաքրքրիր էր ու բաց, որ իրենց հանդիպումը երկարեց։ Ռեկտորն իր հերթին շնորհակալություն հայտնեց հանդիպման համար՝ հույս հայտնելով, որ եվրոպական ուսանողական միությունում մի օր կլինեն նաև մեր ուսանողները, ինչին ինքը պատրաստ է աջակցել։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին