Հայաստանում գտնվող Եվրոպական ուսանողական միության պատվիրակությունն այսօր կհանդիպի ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ

Դիտումների քանակ՝ 826

Այսօր Եվրոպական ուսանողական միության պատվիրակությունը ժամը 15.30-ին կհանդիպի ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն բարձրագույն կրթության կառավարման մեջ ուսանողների ներգրավվածության, ուսանողական կառույցների ֆինանսավորման խնդիրները:

ՀՊՏՀ կառավարման ամբիոնի ասիստենտ, Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Ասատրյանցի տեղեկացմամբ` Եվրոպական ուսանողական միության պատվիրակության` Հայաստան կատարած այցի նպատակն է ՀՀ-ում բարձրագույն կրթության իրավիճակի մոնիթորինգ անցկացնել, ինչպես նաև գնահատել այդ բնագավառում ուսանողների ներգրավվածության աստիճանը:

«Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին Բուլղարիայում Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան, քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ (82 կողմ, 2 դեմ), ընտրվեց Եվրոպական ուսանողական միության թեկնածու անդամ: Այս` ընթացիկ մոնիթորինգի արդյունքների հիման վրա Դանիայում (Կոպենհագեն) և Ռումինիայում (Բուխարեստ) կքննարկվի լիիրավ անդամության հարցը: Նշեմ, որ գլոբալացող աշխարհը այսօր նոր հիմնախնդիրներ է առաջադրում, որոնցից զերծ չէ նաև ուսանողությունը: Հետևաբար, ուսանողների ինտեգրումը միջազգային տարբեր կառույցներին, կարևոր է: Մեր դեպքում հայ ուսանողն իրեն կզգա եվրոպական բարձրագույն կրթական ընտանիքի լիիրավ անդամ, կմասնակցի համընդհանուր գործընթացներին»,-լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում  պարզաբանեց Սարգիս Ասատրյանցը:

Հավելենք` այսօր ԵՈՒՄ պատվիրակները կհանդիպեն նաև ՀՊՏՀ ուսանողական խորհրդի անդամների հետ: Հաջորդ օրերին նրանք կայցելեն մի շարք պետական ու մասնավոր բուհեր, կհանդիպեն ՀՀ ԿԳ նախարարության, ԱԺ կրթության ոլորտի պատասխանատուների հետ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին