Խորհուրդ-հորդորներ առաջին կուրսեցիներին

Դիտումների քանակ՝ 4296

Մեր համալսարանում ուսումնական կյանքն իր յուրատեսակ ռիթմն ունի, իսկ նորեկների համար դպրոցից հետո այն մի նոր ու անծանոթ աշխարհ է: Հարմարվելու ժամանակահատվածը չերկարաձգելու համար պահանջվում է ցանկություն ու ջանք, թերևս նաև սրտացավ խորհրդատվություն:

Սիրելի առաջինցինե՛ր, մենք կփորձենք օգնել ձեզ մեր խորհուրդներով և հիշեցնել, որ ուսանող դառնալ նշանակում է լինել ավելի նպատակասլաց, ավելի հավաք: Պատասխանատվության զգացումը և ինքնուրույնությունը ուսանողի կարևորագույն հատկանիշներն են:  Ահա և մեր խորհուրդները ձեզ.

1. Դասերից մի ուշացեք, ավելին՝ ներկայացեք 10-15 րոպե շուտ: Դա կօգնի ձեզ մինչև դասաժամը կենտրոնանալ, տրամադրվել և, իհարկե, չվաստակել անկարգապահ ուսանողի անուն:

2. Համալսարանը նախևառաջ մասնագիտական կրթության դարբնոց է, և այն համոզմունքը, որ ուսանողը դպրոցի պես ամեն օր դաս չի սերտում, իրականում մոլորություն է: Առարկաները շատ են, ավելի բարդ են և պահանջում են ուշադրության և մտքի լարում: Ամեն օր աչքի անցկացրեք տվյալ օրվա դասախոսությունները, կատարեք հանձնարարությունները:

3. Այցելեք ՀՊՏՀ պաշտոնական կայք՝ asue.am հասցեով, ինչպես նաև ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջ և մշտապես կլինեք տեղեկացված:

4. Անկաշկանդ ծանոթություն հաստատեք կուրսեցիների հետ, նախապես մեկ անգամ այցելեք կառուցվածքային այն ստորաբաժանումներ, որոնց առնչվելու եք հաճախակի՝ դեկանատ, մասնագիտական ամբիոններ, ուսումնական մաս, գրադարան, բուֆետ:

5. Ակտիվ համագործակցեք համալսարանի գրադարանի հետ, օգտվեք QR գրադարաններից, կատարելագործեք համացանցում որոնելու և գրքեր ներբեռնելու ձեր գիտելիքները:

6. Համալսարանը նաև մրցակցային միջավայր է. ուշիմը, աշխատասերը, պրպտողը նկատվում է, գնահատվում: Սկզբից ևեթ կոփեք ձեզանում առողջ մրցակցային ոգի, համեմատվեք լավ սովորող, ընկերասեր ու ձգտումներ ունեցող ուսանողների հետ:

7. Սովորեք արագ սղագրել դասախոսությունները՝ յուրացնելով հաճախակի հանդիպող բառաձևերի և արտահայտությունների խորհրդանիշներ և կրճատ գրություններ (կարող եք նշել դրանք տետրի մի անկյունում),

8. Աշխատեք ուշադիր ու հոգատար լինել մարզաբնակ դասընկերների նկատմամբ, նրանք հարմարվելու խնդիր ունեն ինչպես համալսարական միջավայրում, այնպես էլ հանրակացարանում ու քաղաքային այլ վայրերում:

9. Համագործակցեք ուսանողական խորհրդի հետ. հասարակական և մշակութային կյանքում ներգրավվածությունը նույնպես կարևոր է ուսանողի համար: Առաջարկվող տարբերակներից ընտրություն կատարեք ձեր հետաքրքրություններին ու նախասիրություններին համապատասխան:

10. Հիշեք՝ առաջիկա միջանկյալ քննությանը սկսում եք պատրաստվել այսօրվանից:

Ձեր հաջողությունը ձեր ձեռքերում է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին