Դասը վարեց Կենտրոնական բանկի աշխատակիցը

Դիտումների քանակ՝ 2732

ՀՊՏՀ աուդիտ մասնագիտության 4-րդ կուրսում այսօր բանախոսեց ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ, միջազգային մի շարք որակավորումներ ունեցող Լուսինե Մարգարյանը, ով ի դեպ, մեր համալսարանի գերազանցիկ շրջանավարտ է: Նախաձեռնությունը կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Վահան Բաբայանինն էր:

Ուսանողներին և հյուրին ողջունելու էին եկել հաշվապահականն հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մերի Բադալյանը, դեկանի տեղակալ Սոնա Ղազարյանը, կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ Լիանա Գրիգորյանը:

Շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով՝ նրանք ուսանողներին կոչ արեցին ակտիվ լինել, դասերին ոչ միայն ունկնդրի դերում լինել, այլև հարցեր տալ, հանդես գալ դիտարկումներով:

Լուսինե Մարգարյանի բանախոսությունը ուսանողներին ամփոփ պատկերացում տվեց «Աուդիտ 2» առարկայի մասին. նա խոսեց կազմակերպություններում դրամական միջոցների, եկամուտների և ծախսերի, կանոնադրական կապիտալի, ֆինանսական արդյունքների, ոչ ընթացիկ պարտավորությունների, ընթացիկ ֆինանսական պարտավորությունների, կրեդիտորական պարտքերի աուդիտի առանձնահատկությունների շուրջ:

Վահան Բաբայանը համոզմունք հայտնեց, որ աշխատանքային գործունեության ընթացքում վերոթվյալ հարցերին մշտապես առնչվող մասնագետի (այս դեպքում՝ Լուսինե Մարգարյանի) փորձն ու գիտելիքը ուսանելի է ուսանողի համար և,  անշուշտ, այն կօգնի առարկան լավ յուրացնել: Լուսինե Մարգարյանի մասնակցությամբ, կիսամյակի ավարտին նախատեսվում է ամփոփիչ քննարկում-բանավեճ, որը նպատակ ունի ստուգել ուսանողի գիտելիքն ու նախապատրաստել քննության:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին