Բաց դասերի մեկնարկը տրված է. բանախոսները բանկային համակարգի փորձառու մասնագետներ են

Դիտումների քանակ՝ 3044

Ուսումնական պարապմունքները բնականոն ընթացք են ստանում, և ՀՊՏՀ դասախոսները առարկաների ներկայացումը փորձում են դարձնել հնարավորինս պատկերավոր ու մատչելի: Այս համատեքստում միշտ կարևորվում են ինտերակտիվ բաց դասերը` իբրև գործնական գիտելիքի փոխանցման արդյունավետ եղանակ:

Կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Վահան Բաբայանի նախաձեռնությամբ այսօր բաց դասեր անցկացվեցին 2՝ բանկային գործ մասնագիտության բակալավրիատի 4-րդ և հաշվապահական հաշվառում և հարկում մասնագիտության բակալավրիատի 2-րդ կուրսերում: Նրա հրավերով ուսանողների համար  բանախոսեցին բանկային համակարգի փորձառու մասնագետներ, որոնք նաև պատասխանեցին ուսանողների հարցերին: 4-րդ կուրսում «Բանկային վերահսկողություն և աուդիտ» առարկայի դասը վարեց  «Արցախ բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահի խորհրդական Արթուր Ճորուխյանը՝ խոսելով ՀՀ բանկային համակարգի առանձնահատկությունների, բանկային վերահսկողության էության, բանկի կառավարման գործընթացում աուդիտի դերի շուրջ:

Ապագա հաշվապահների համար «Ֆինանսական ենթակառուցվածքների աուդիտ» առարկայի վերաբերյալ ներածական դաս վարեց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության բանկային վերահսկողության բաժնի պետ Վաղինակ Ստեփանյանը: Բանախոսը պարզաբանեց ֆինանսական ենթակառուցվածքների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական, ներդրումային  ընկերություններ և այլն) էությունը,  կանգ առավ դրանց ռիսկերի վրա: Դասի երկրորդ հատվածում Վաղինակ Ստեփանյանը ներկայացրեց ֆինանսական ենթակառուցվածքների աուդիտի նկատմամբ օրենսդրության պահանջները, կառավարչական որոշումների ընդունման գործընթացում աուդիտի դերը:

Բաց դասերին ներկա էին ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ  Մերի Բադալյանը, կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., դոցենտ Լիանա Գրիգորյանը,  ովքեր ողջունեցին Վահան Բաբայանի նախաձեռնությունը և հյուրերին շնորհակալություն հայտնեցին համագործակցության համար:

Վահան Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօրվա բանախոսների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որի համաձայն այս կիսամյակի ավարտին կկազմակերպվի համապատասխան առարկաները ամփոփող ստուգիչ քննարկում:

«Նախորդ տարիներին նմանատիպ բաց դասեր կազմակերպել ենք, բայց բանախոսների մասնակցությամբ քննարկումներ չենք արել. այս տարի որոշեցինք նորարարություն մտցնել: Կարծում ենք, քննարկում-բանավեճը քննությունից առաջ կամրապնդի ուսանողի գիտելիքը»,-համոզմունք հայտնեց դոցենտը:

Լիանա Գրիգորյանն էլ հավելեց, որ իրենց մասնագիտական առարկաները ընդգծված կիրառական բնույթ ունեն են, ուստի շատ կարևոր է, որ տեսական մասին համադրվի գործնականը, և այս գործում իրենց աջակցությունն են ցուցաբերում հրավիրված բանախոսները:

Ուսանողներն էլ իրենց հերթին, մեր հարցմանն ի պատասխան, ոգևորությամբ ասացին, որ բանախոսներին լսելը հետաքրքիր և օգտակար է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին