ՀՊՏՀ-ն իր ստորաբաժանումներով պետք է ինտեգրվի միջազգային համալսարանական հանրությանը. Կորյուն Աթոյանը հանդես եկավ հաշվետվությամբ

Դիտումների քանակ՝ 790

Հունվարի 26-ին ՀՊՏՀ հանդիսասրահում տեղի ունեցավ գիտական խորհրդի ընդլայնված նիստը, որի օրակարգում միայն մեկ հարց էր՝ ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հանդես եկավ 2011 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների և 2012 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին զեկուցումով։

«Տնտեսական և ֆինանսական ճգնաժամի,  ավագ դպրոցի շրջանավարտների բացակայության դժվար պայմաններում համալսարանը գործել է  ֆինանսական ու նյութական ռեսուրսների կոշտ խնայողության ռեժիմով ու չնայած դրան՝ պետք է նշեմ, որ մեզ հաջողվել է կատարել մեծ ծավալի համընդհանուր աշխատանք։ Մենք պետք է գիտակցենք, թե ինչն է պահանջում աջակցություն և զարգացում, և ինչը` խոչընդոտում մեր ծրագրերին»,– հայտարարեց Կորյուն Աթոյանը՝ ներկայացնելով անցած տարվա գործունեության ընդգրկուն հաշվետվությունը։

Կրթական գործունեություն

ՀՊՏՀ գործունեության առանցքային՝ կրթական ուղղության գլխավոր խնդիրը ռեկտորը համարեց  որակյալ տնտեսագետ կադրերի պատրաստումը՝ միաժամանակ նշելով, որ  ՀՊՏՀ-ն այս հարցում առաջինն է իր ներուժով և պետության տրամադրած հնարավորություններով: «Մնում է միայն հասկանալ, թե որքանով լավ կամ վատ ենք իրացնում այդ ներուժը և հնարավորությունները»,-ասաց ռեկտորը:

Կրթական գործընթացի կազմակերպում

Կորյուն Աթոյանը տեղեկացրեց, որ ՀՊՏՀ-ում ձևակերպված է բարձրագույն մասնագիտական ծրագրի 55 մասնագիտություն և մասնագիտացման լիցենզիա. 27-ը` մագիստրոսի (8-ը` հեռակա), 38-ը բակալավրի (20-ը` հեռակա) պատրաստման ծրագրեր են: 2011թ. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը համալսարանին տրամադրել է  մագիստրոսական հեռակա և 4 մասնագիտության գծով գործունեության թույլտվություն: Անդրադառնալով հեռակա ուսուցման մագիստրատուրայի մասնագիտություններին՝ ԿորյունԱթոյանը նշեց, որ 2011-2012 ուստարվա պլանները կազմվել են կրեդիտային հենքով` ավարտելով գնահատման կրեդիտային համակարգի ներմուծումը կրթության բոլոր ձևերում: Խոսելով կրեդիտային համակարգի փաստաթղթաշրջանառության  պարզեցման մասին` ռեկտորն ասաց, որ այս նպատակով 2011-2012 ուսումնական տարվա առաջին կիսամյակից ներդրվել են առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի, առկա ուսուցման մագիստրատուրայի քննությունների, ստուգարքների առավել օպտիմալ կառուցվածք ունեցող ամփոփաթերթեր: Նա նաև նշեց կրթության արդյունավետության բարձրացմանը միտված   2011թ. օգոստոսի 20-ից ՀՊՏՀ  կազմակերպական կառուցվածքում կատարված փոփոխության մասին, որի արդյունքում ֆինանսական ֆակուլտետի հենքի վրա ստեղծվել են ֆինանսական և հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետները: Ռեկտորը կարևորեց գործատուների` ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ-ի,  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Հայաստանի բանկերի միության միջև կնքած փոխհամագործակցության պայմանագրերը, հենակետային 5 ավագ դպրոցների և 3 քոլեջների հետ կատարվող աշխատանքը: Ռեկտորի խոսքով՝ հաշվետու ժամանակաշրջանում տարբեր մակարդակներում կազմակերպված փորձառություններում ընդգրկվել է ավելի քան 4500 ուսանող:

Կրթական գործունեության հիմնական ցուցանիշներ

Անդրադառնալով կրթական գործունեության հիմնական ցուցանիշներին՝ Կորյուն Աթոյանն ասաց, որ  հաշվետու տարվա դեկտեմբերի դրությամբ ուսուցման բոլոր մակարդակներում ուսանողների թիվը կազմել է 7506: Նախորդ տարվա համեմատությամբ 1-ին կուրս պակաս է ընդունվել 1048 ուսանող: Անբավարար առաջադիմության, զինվորական ծառայության մեկնելու և այլ պատճառներով համալսարանից ազատվել է 600 ուսանող, վերակագնվել է` 191-ը:

Ուսումնամեթոդական աշխատանք

Այս բնագավառի հիմնական ուղղությունները, Կորյուն Աթոյանի խոսքով, նորաստեղծական կրթական տեխնոլոգիաների հաջող ներդրման պայմանների ապահովումն է, կրթական և ուսումնական ծրագրերի կառուցվածքի և բովանդակության բարելավումը և դրանց փորձագիտական գնահատականը, գործատուների պահանջներին համապատասխան շրջանավարտների ապահովումը, համալսարանի դասախոսների մասնագիտական կարողությունների բարձրացումը:

Հետբուհական կրթություն (ասպիրանտուրա)

Ռեկտորը տեղեկացրեց, որ ՀՊՏՀ ասպիրանտուրայում 2011թ.ուսանել են 122 ասպիրանտ, (առկա` 28, հեռակա`94), այդ թվում` 36-ը` վճարովի, ինչպես նաև 120 հայցորդ, որոնցից 84-ը`վճարովի: Առկա ուսուցմամբ ասպիրանտուրա են ընդունվել 11 դիմորդ, հեռակա ուսուցմամբ`31-ը, այդ թվում` 4-ը վճարովի: Կորյուն Աթոյանն, անդրադառնալով հետբուհական կրթության արդյունավետ կազմակերպմանը, նշեց, որ ներդրվել է հետազոտողի կրթական ծրագիր, որով ուսանել են 61 ասպիրանտ և հայցորդ: Համալսարանի ՀՀ ԲՈՀ-ի 014 խորհրդում 2011թ. կազմակերպվել է 58 ատենախոսության հրապարակային պաշտպանություն, որոնցից երկուսը` դոկտորական:

Կրթության որակ

Կարևորելով այս խնդիրը` ռեկտորը նշեց, որ «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ ծրագրի շրջանակներում` ՀՊՏՀ-ում որակի ներքին ապահովման գործուն համակարգ ձևավորելու նպատակով «Որակի ապահովման ազգային համակարգի ստեղծում և ամրապնդում» դրամաշնորհային ծրագրով նախատեսվում է մշակել և բուհում կիրառել որակի ապահովման կառուցակարգեր և ընթացակարգեր: «2012թ. մեր ողջ աշխատակազմին սպասվում է մեծ աշխատանք՝ կապված համալսարանի կրթության որակի հավատարմագրման գործընթացի մեկնարկի հետ։ Այս ուղղությամբ խնդիրների հաջող լուծման համար յուրաքանչյուր ստորաբաժանումից, ամբիոնից կպահանջվի հստակ, ըստ ժամանակացույցի աշխատանք: Դա կլինի առաջիկա երկու տարիների ամենամեծ մարտահրավերը»,-ասաց ռեկտորը

Հարատև կրթության համակարգ

Տեղեկացնելով, որ ՀՊՏՀ-ն 2011թ. շահել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից հայտարարած քաղաքացիական ծառայողների վերապատրաստման իրավունքի ձեռքբերման մրցույթը, ռեկտորը նշեց, որ բուհը վերապատրաստել է  բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների 424  քաղծառայողների, որի համար համալսարանը ստացել է 5.3 մլն դրամ:

Գիտահետազոտական գործունեություն

Այս բնագավառին անդրադառնալով`ռեկտորը նշեց, որ անցած տարի գիտահետազոտական աշխատանքներ են կատարվել 41 թեմայով, որից 40-ը` ամբիոնային, 1-ը բյուջետային ֆինանսավորմամբ: Գիտահետազոտական աշխատանքների արդյունքներն արտացոլված են 14 մենագրությունում, պարբերական հրատարակության 364 հոդվածներում: Արտերկրի գիտական հանդեսներում  հրատարակվել է 37 հոդված: Ռեկտորի խոսքով՝ ակտիվ է եղել նաև ուսանողների գիտական առօրյան: Խոսելով գիտահետազոտական աշխատանքներում արձանագրված ձեռքբերումների մասին՝ միաժամանակ Կորյուն Աթոյանը շեշտեց թերություններն ու բացթողումները: Նրա դիտարկմամբ`  բացակայում է ամբիոնների փոխգործակցությունը, կատարվող թեմաների մի զգալի մասը  չունի կիրառական նշանակություն, որոշ ամբիոններում ցածր է անձնակազմի ընդգրկվածությունը: «Դեռևս շատ քիչ են բարձրարժեք գիտական հրապարակումները, թույլ են  միջազգային կապերը, ցածր է մեր գիտնականների ներգրավվածությունը դրամաշնորհային ծրագրերում, հանրապետության կարևոր սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման գործում»,- ասաց ռեկտորը և հորդորեց ակտիվացնել գիտահետազոտական աշխատանքները և իրական քայլեր կատարել հետազոտական համալսարան դառնալու համար: 

Հրատարակչական գործունեություն

Անցնող տարում, ըստ ռեկտորի, «Տնտեսագետ» հրատարակչությունում  լույս է տեսել 15 անուն գիրք, որոնցից 4-ը հրատարակվել են հեղինակների միջոցներով: Տպագրական արտադրանքի ծավալը կազմել է 400 պայմանական մամուլ: Դրանց, ինչպես նաև գործավարական բնույթի ձևաթերթերի բազմացման համար ծախսվել է շուրջ 7.5 մլն դրամ: «Անհեռատես քաղաքականության շնորհիվ պահեստում կուտակվել է 10 մլն դրամի ավելցուկ գիրք: Հրատարակչության արտադրական գործունեությունը դադարեցվել է և ուղիներ են փնտրվում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»,-պարզաբանեց Կորյուն Աթոյանը։

Գրադարանի սպասարկում

Բուհի ղեկավարը ներկաներին տեղեկացրեց, որ գրադարանը համալրվել է  2567 կտոր գրականությամբ, իսկ ընթերցողների թիվն  ավելացել է 380-ով: Շարունակվում են նաև  գրադարանի թվայնացման, էլեկտրոնային քարտադարանի բազայի թարմացման աշխատանքները: Ռեկտորի խոսքերով` 2012թ. համար արդեն պատվիրվել է ռուսերենով մասնագիտական գրականություն` 228 կտոր գիրք:

Ֆիզիկական դաստիարակություն

Ռեկտորի ներկայացմամբ՝ բարելավվել են ֆիզդաստիարակության ուսումնական գործընթացը, մարզական  աշխատանքները, և մեր  ուսանող մարզիկները հաջողություններ են գրանցել տարբեր մարզաձևերի մրցումներում:

Հասարակական կյանքը բուհում

Կորյուն Աթոյանը կարևորեց ՀՊՏՀ-ում կազմակերպվող մշակութային միջոցառումները` հանդիպումները գրականության, արվեստի ճանաչված գործիչների, արցախյան գոյամարտի հրամանատարների հետ, գրքերի շնորհանդեսները, վաստկաշատ գիտնականների հոբելյանների նշումը, ուսանողական խորհրդի կազմակերպած բազմաբնույթ միջոցառումները:  «Վերափոխումների գործընթացում մենք ունեցանք մեր նոր համբավանիշը, կայքէջը, որտեղ յուրաքանչյուր օր տեղադրվում է նոր տեղեկատվություն: Փոխվել է նաև «Տնտեսագետ» ամսաթերթի և «Բանբեր ՀՊՏՀ» հանդեսի ձևավորումը»,-ուրախությամբ  տեղեկացրեց ռեկտորը:

Արտաքին կապեր

Խոսելով արտաքին գիտաուսումնական կապերի մասին` նա նշեց, որ թե հաշվետու տարում, թե վերջին 20 տարիներին առկա են որոշակի ձեռքբերումներ. արտասահմանցի ուսանողների ներգարվվումը, գործընկերային հարաբերությունները 10-ից ավելի երկրների շուրջ 20 բուհերի հետ, համալսարանի բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողների կրթությունն այլ բուհերում շարունակելը, վերապատրաստումը և այլն:  Չնայած այս ամենին, ռեկտորը նշեց, որ այս ամենը դեռ քիչ է: «ՀՊՏՀ-ն իր ստորաբաժանումներով պետք է ինտեգրվի միջազգային համալսարանական հանրությանը: Միայն այդպես մենք կարող ենք համաշխարհայնացվել ու համարվել միջազգային բուհ, ինչը հատկապես կարևորվում է ներքին շուկայում միջազգային խաղացողների հետ մրցակցելու անխուսափելիությամբ և անհրաժեշտությամբ»,-ասաց Կորյուն Աթոյանը:

Տնտեսական գործունեության ցուցանիշներ

Անդրադառնալով այս հարցին` ռեկտորը նշեց, որ 2011-2012 ուսումնական տարում կատարվել են ընթացիկ  և կապիտալ շինարարական վերանորոգման աշխատանքներ, ձեռք է բերվել ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ գույք: Շինվերանորոգման աշխատանքներ են կատարվել նաև Դիլիջանի մարզառողջարարական ճամբարում:

Կադրերի մասին

Ռեկտորի դիտարկմամբ` համալսարանի զարգացման ծրագրի, բոլոր նախաձեռնությունների իրականացման հաջողությունը կախված է կադրերից: «Հպարտանում ենք պրոֆեսորադասախոսական գրեթե 400 հոգանոց հաստիքային, ինչպես նաև 85 փորձառու և բարձր որակավորմամբ հրավիրյալ մասնագետների կազմի ստեղծագործական ներուժով: Ըստ այդ ցուցանիշի` մենք առաջատարների շարքում ենք», -ասաց բուհի ղեկավարը և ավելացրեց, որ ռեկտորատի կադրային աշխատանքի կարևորագույն ուղղությունը պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացումն է:

2011թ. բյուջեի կատարման արդյունքներն ու 2012թ բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները

Կորյուն Աթոյանը ներկայացրեց նաև 2011թ բյուջեի կատարման արդյունքները, ինչպես նաև ընթացիկ տարվա բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները:

Եզրափակում

«Այս ամենը, ինչն այսօր ներկայացրի, իմ անմիջական խոսքն է` հասցեագրված Ձեզ` համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին: Մենք պետք է գիտակցված համախմբվենք ընդհանուր խնդիրներ լուծելու շուրջ և տրամադրվենք ՀՊՏՀ-ի զարգացման պատասխանատու և արդյունավետ աշխատանքին, քանզի առկա է համալսարանը լավագույնը դարձնելու ցանկությունը»,-իր խոսքը եզրափակեց ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Ելույթներով հանդես եկան փիլիսոփայության ամբիոնի վարիչ, դոկտոր պրոֆեսոր Արամ Սարգսյանը, հանրային ֆինանսներ ամբիոնի պրոֆեսոր Լուկաշ Բադանյանը:

Ներկաները դրական գնահատեցին ներկայացված հաշվետվությունը, ինչպես նաև հավանության արժանացրին 2012թ բյուջեի նախագիծը բուհի խորհրդի քննարկմանը ներկայացնելու առաջարկը:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին