Հասցեական շնորհավորանքներ առաջին կուրսեցիներին. սեպտեմբերմեկյան շրջայց (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 6934

Գիտելիքի օրվա առթիվ ՀՊՏՀ բակում կազմակերպված հանդիսավոր արարողությունից հետո ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը պրոռեկտորներ Միհրդատ Հարությունյանի, Սևակ Խաչատրյանի, ֆակուլտետների դեկանների և ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ այցելեց ֆակուլտետներ՝ շնորհավորելու մեր համալսարանի առաջին կուրսեցիներին:

«Սիրելի ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, մաղթում, որ այս տարիները, ձեզ տրված ժամանակն ու հնարավորությունները ճիշտ օգտագործեք: Տարիներ հետո կհասկանաք, որ սրանք ձեր կյանքի լավագույն և գեղեցիկ տարիներն են՝ թե՛ գիտելիքներ ձեռքբերելու, թե հիշարժան կյանք ունենալու համար:

Մենք ամեն ինչ կանենք, որ դուք ստանաք որակյալ կրթություն, բայց դուք էլ պետք է կարողանաք ձեզ տրված առիթը ճիշտ օգտագործել, փոխատուցել ձեր ծնողների ներդրումը, որոնք այս դժվարին պայմաններում ձեզ կրթության են տալիս, իսկ ձեր փոխհատուցումը կլինի այն, որ դուք դառնաք լավ մասնագետներ: Հիշեք, գիտելիքը միակ բանն է, որ կյանքի ոչ մի իրավիճակում ոչ ոք չի կարող ձեզնից վերցնել»,- ֆակուլտետներում ուսանողների հետ հանդիպմանն ասաց համալսարանի ռեկտորը: Կորյուն Աթոյանը ներկայացրեց համալսարանի հնարավորությունները՝ կրթական, հետազոտական, միջազգային ծրագրերը և շեշտեց, որ ՀՊՏՀ լավագույն ուսանողները ուսման վերջին տարիներին արդեն իսկ գտնում են աշխատանք: «Բոլորը սիրում են քննադատել այսօրվա իրավիճակը, խնդիրները, վաղվա իրավիճակը տնօրինողները դուք եք լինելու, այնպես արեք, որ ձեզ չքննադատեն»,- նշեց համալսարանի ղեկավարը:

Պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը և ՈՒԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը  նշեցին, որ առաջիկայում հատուկ առաջին կուրսեցիների հետ կկազմակերպվի հանդիպում, որի ընթացքում հնարավոր կլինի բուհի ղեկավարին ուղղել առաջարկներ և հարցեր: Ուսանողները տպավորված էին ուսումնական առաջին օրվանից և բուհի ղեկավարության հարցերին ի պատասխան նշեցին, որ օրը ջերմ էր և առաջին տպավորությունը բուհից վառ է:

Օրվա լուսանկարային շարքերը դիտեք համալսարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ հետևյալ հղումով՝ goo.gl/14Cnzm:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին