Տեղի ունեցավ ՀՊՏՀ նոր կայքի շնորհանդեսը

Դիտումների քանակ՝ 835

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հանդիսությունների սրահում երեկ տեղի ունեցավ համալսարանի պաշտոնական կայքի (asue.am) բացումը, որին ներկա էին ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմն ու ուսանողությունը:
Բուհի նոր կայքը պատրաստել է «Բրեինդ» ընկերությունը, որի տնօրեն, ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի դասախոս Կարեն Բաբաջանյանը հյուրերին ներկայացրեց նորաբաց կայքի բովանդակությունը: ՀՊՏՀ նոր կայքն այսուհետ կներկայանա բոլորովին նոր դիզայնով, տեխնիկական և ծրագրային հետաքրքիր լուծումներով, նոր էջերով և ուշագրավ խորագրերով: 

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն իր խոսքում նշեց, որ համալսարանի այցեքարտ հանդիսացող ու կերպար ձևավորող նորաստեղծ կայքը արտացոլելու է բուհի իրական դեմքը և օժանդակելու ուսանողներին ուսումնական գործընթացում: Ռեկտորը շնորհավորեց ՀՊՏՀ-ականներին այս կարևոր իրադարձության առիթով` նշելով. «Եկե’ք միասին արձանագրենք մեր համատեղ ձեռքբերումների փաստը և կանգ չառնենք ճանապարհի ամենաթեժ խաչմերուկում: Վստահեցնում եմ, որ «Մենք փոխվում ենք» կարգախոսին հավատարիմ` մեր նախաձեռնած փոփոխությունները շարունակական բնույթ են կրելու»:

«Ես գտնում եմ, որ կայքի ստեղծման գործում տիտանական աշխատանք է կատարվել, և ես համոզված եմ, որ այդ աշխատողները պրոֆեսիոնալ են եղել: Ես գոհ եմ և շնորհակալ եմ»,- բուհի նոր կայքի մասին նման կարծիք հայտնեց համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանն` ավելացնելով, որ այս արագ փոփոխվող աշխարհում կայքի բացումը շատ կարևոր քայլ է:

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը ներկայացրեց համալսարանի բարեփոխումների համատեքստում ուսանողական խորհրդի կատարած աշխատանքը, ձեռքբերումները:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին