Լույս է տեսել «Բանբերի» նորացված համարը
Ընթերցողի սեղանին է «Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» հանդեսի 2011 թվականի 2-րդ համարը: Այն ունի նոր շապիկ` յուրատիպ ձևավորումով: Նորացված է նաև հանդեսի խմբագրական խորհուրդը: Գլխավոր խմբագիրն է ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:
«Բանբեր ՀՊՏՀ» հանդեսի այս համարն աչքի է ընկնում բազմաբովանդակությամբ, խորագրերի առատությամբ: «Տնտեսագիտության տեսություն» խորագրի ներքո հանդես են գալիս Ատոմ Մարգարյանը` «Տնտեսության արդիականացման տեխնոլոգիական և ինստիտուցիոնալ գործոնների փոխհարաբերության հարցի շուրջ» և Աշոտ Եղիազարյանը` «Տնտեսական իշխանության հիմնախնդիրը և <անարդյունավետ հավասարակշռության» խախտման անհրաժեշտությունը» հրապարակումներով: «Կառավարման հարցեր» խորագրի ներքո նույնպես ներկայանում է երկու հեղինակ` Վալերի Միրզոյանը («Հայոց ազգային սահմանադրությունը»` հանրային կառավարման տեսության դիրքերից) և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը («Տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները Երևան քաղաքում»): Գիտական նոր խոսք են մատուցում «Ֆինանսական հիմնախնդիրներ», «Հարկային քաղաքականություն», «ՀՀ տնտեսության զարգացման ուղղություններ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Ապրանքագիտություն», «Պատմություն, փիլիսոփայություն և սոցիոլոգիա» և մյուս խորագրերը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին