Մրցեցին երիտասարդ ճարտասանները

Դիտումների քանակ՝ 710

Դեկտեմբերի 15-ին ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում տեղի ունեցավ «Պարույր Հայկազն» երիտասարդ ճարտասանների մրցույթը, որին մասնակցում էին կառավարման ֆակուլտետի ուսանողները:

«Հայազգի մեծն փիլիսոփա Պարույր Հայկազնի արձանը դեռևս կենդանության օրոք կանգնեցվել է Հռոմի հրապարակներից մեկում` հետևյալ մակագրությամբ. «Աշխարհի թագուհի Հռոմը` ճարտասանության արքային»»,- մասնակիցներին տեղեկացրեց մրցույթի կազմակերպիչ, կառավարման ամբիոնի դոցենտ Վալերի Միրզոյանը և մաղթեց, որ Պարույր Հայկազնի հետևորդներ լինեն նաև ճարտասան ուսանողների շարքերում:

Ինը մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց կենդանի խոսքի միջոցով արտահայտելու իրենց տեսակետները, ցուցադրելու ճարտասականական ունակություններ և բավականություն պատճառելու հանդիսատեսին:

Գնահատելիս մրցատյանն առաջնորդվեց հետևյալ չափանիշներով. որքանով է խոսքը համոզիչ ու հասկանալի, լեզվական անաղարտություն, լսարանը կառավարելու ունակություն, ճարտասանի պահվածք: Սահմանվեց գնահատման համակարգ` 5 միավորով:

Ամփոփելով արդյունքները մրցատյանը մրցանակային տեղերը բաշխեց այսպես.

1-ին մրցանակ` Արմեն Արզրումցյան` կառավարում մասնագիտության 4-րդ կուրս,

2-րդ մրցանակ` Արկադի Սահակյան` պետական և մունիցիպալ կառավարում մասնագիտացման 4-րդ կուրս,

3-րդ մրցանակ` Լուիզա Աբրահամյան` հակաճգնաժամային կառավարում մասնագիտացման 3-րդ կուրս:

Հավելենք, որ մրցանակակիրներին դրամական պարգևներ հանձնեց մրցույթի հովանավոր «Գլոբալ Կոնսալտ» ՍՊԸ-ն: Ուսխորհուրդը շնորհեց իր մրցանակը, որի հասցեատեր դարձան բոլոր մասնակիցները: Իսկ մրցանակն էր` Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարարական ճամբարի ուղեգիրը: Դոցենտ Վալերի Միրզոյանը նույնպես բոլորին պարգևատրեց արժեքավոր գրքերով: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին