«Բաց դասի» հյուրն էր «Կարոլինա գրուպի» համասեփականատեր Երվանդ Թարվերդյանը

Դիտումների քանակ՝ 675

Դեկտեմբերի 6-ին ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում տեղի ունեցավ հերթական բաց դասը` ուսանողական խորհրդի ուսումնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ: Այս անգամ հյուրընկալվել էր «Կարոլինա գրուպի» համասեփականատեր, սննդի կոմբինատ ՍՊԸ գործադիր տնօրեն Երվանդ Թարվերդյանը:  Ընկերությունը ներկայումս խոշորագույններից մեկն է ալկոհոլային, թույլ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների ներկայացուցչական բնագավառում և ընդգրկում է մի քանի խոշոր ընկերություններ, որոնք արտադրում են եվրոպական չափանիշներին համապատասխան հայկական որակյալ արտադրատեսակներ: ՀՀ խոշոր հարկատուների ցուցակում 15-րդն է:

Երվանդ Թարվերդյանը ուսանողներին մանրամասնորեն ներկայացրեց բնական հյութեր արտադրող ընկերության կառուցվածքը, արտադրության կազմակերպման և իրացման գործընթացները,  մարքեթինգային գործունեությունը և մի շարք այլ կարևոր ու հետաքրքրական մանրամասներ: Ուշագրավ է, որ հյութերի տուփերը ձևավորելու համար հատուկ թույլատվությամբ օգտագործվում են մեծանուն հայ նկարիչներ Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի գեղանկարները։ Գովազդային հոլովակներում գլխավոր դերում հանդես է գալիս  աշխարհահռչակ դերասան Արմեն Ջիգարխանյանը:

Ուսանողները հնարավորություն ունեցան հյուրին ուղղելու հարցեր և ստանալու սպառիչ պատասխաններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին