ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
Նոյեմբերի 30-ին հերթական նիստը գումարեց ՀՊՏՀ գիտական խորհուրդը: Գիտահետազոտական աշխատանքներում և գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործում առկա ձեռքբերումներին, թերություններին ու բացթողումներին, ինչպես նաև 2012 թ. ծրագրերին ու անելիքներին անդրադարձավ առաջին պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը:
Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, դոցենտ Մ. Թավադյանը գիտխորհրդի անդամներին ներկայացրեց 2011թ. ուսումնական տարվա ընդունելության արդյունքները, նախանշեց 2012-2013 ուսումնական տարում բուհի ընդունելությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու ուղիներ:
Ձմռանը նախապատրաստկան աշխատանքների մասին խոսեց պրոռեկտոր Կառլեն Ղազարյանը` հավաստիացնելով, որ ամեն ինչ արվում է լսարաններում և աշխատասենյակներում նորմալ ջերմաստիճան ապահովելու համար:
Ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը` կարևորելով ուսանողների ուսումնադաստիարակչական, գիտահետազոտական, ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրները, անդրադարձավ կատարված աշխատանքներին:
Բնօգտագործման տնտեսագիտություն ամբիոնի վարիչ, մրցութային հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը ներկայացրեց պրոֆեսորադասախոսական կազմի այն անդամներին, որոնք հավակնում են ստանալու պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ:
Պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը բարձրաձայնեց ուսումնական գործընթացում կարևորագույն տեղ զբաղեցնող այնպիսի հարցեր, ինչպիսիք են կրեդիտային համակարգով հեռակա մագիստրատուրայի ուսումնական պլանի նորմատիվները, 2011-2012 ուսումնական տարվա մագիստրատուրայի առաջին կուրսի երկրորդ կրթաբլոկի մոդուլների գնահատման համակարգի գործոններն ու դրանց կշիռները, քննությունների կազմակերպման ձևը, կրեդիտային համակարգով հեռակա ուսուցմամբ բակալավրիատի առաջին և երկրորդ կուրսերում ուսանողի անհատական աշխատանք գրելու պարտադիր պայմանի վերանայումը:
Գիտխորհրդի նիստում հաստատվեցին նաև ատենախոսությունների թեմաներ, հրատարակության երաշխավորվեց մարքեթինգի ամբիոնի ասիստենտ Նարեկ Ղուկասյանի «Քաղաքական մարքեթինգ» ուսումնական ձեռնարկը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին