7 խաղ, 7 հաղթանակ. ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը՝ ՖԲԼ Ա լիգա մրցաշարի բացարձակ չեմպիոն
Փետրվարի 17-ին «Դինամո» մարզադահլիճում տեղի է ունեցել Ֆուտզալի բիզնես լիգայի Ա մրցաշարի եզրափակիչ խաղը, չեմպիոնի գավաթի համար պայքարել են ՀՊՏՀ և «Հոմենմեն Արարատ» ուժեղագույն թիմերը: 3:2 հաշվով հաղթանակ տանելով՝ մեր համալսարանի թիմը դարձել է մրցաշարի բացարձակ չեմպիոն. դեկտեմբերին մեկնարկած մրցաշարի բոլոր 7 խաղերում էլ ՀՊՏՀ թիմը հաղթել է:
Համաձայն ՖԲԼ Ա լիգա մրցաշարի կանոնակարգի՝ «ՀՊՏՀ»-ն այս հաղթանակի շնորհիվ իրավունք է ստանում անվճար մասնակցելու Հայաստանի ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնությանը:
ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եզրափակչում լարված պայքար է եղել, մեր տղաները վերջին 2 րոպեի ընթացքում մրցակցի դարպասն են ուղարկել 2 գնդակ:
«Ընդհանուր առմամբ, մեր ֆուտզալիստները գերազանց հանդես եկան մրցաշարում: Հատկապես աչքի ընկան Արա Բաղդադյանը, Մարտին Ալեքսանյանը, Վահան Սարգսյանը. ողջ մրցաշարի ընթացքում 21 գոլի հեղինակ դարձած Վահանը ճանաչվեց «Լավագույն ռմբարկու»: Ի դեպ, հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՊՏՀ ղեկավարությանը՝ ֆուտզալի թիմին մշտապես աջակցելու համար, ինչպես նաև մեր ամբիոնին և ուսանողներին՝ իրենց ներկայությամբ տղաներին քաջալերելու համար»:
Շնորհավորում ենք մեր թիմին և մաղթում, որ առաջիկա խաղերը նույնպես պսակվեն հաղթանակներով:
Հ.Գ. Լուսանկարները տրամադրել է Հովհաննես Գաբրիելյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին