Մարզամշակութային իրարանցում «Տնտեսագետ» մարզաառողջարանում. ամփոփվել է ուսանողական փառատոնը

Դիտումների քանակ՝ 2172

Այս դիլիջանյան ամառն էլ ՀՊՏՀ-ականների համար ակտիվ, հագեցած ու ճանաչողական էր: Օգոստոսի 13-17-ը «Ուսանողական ամառ-2017» մարզամշակութային փառատոնն առողջ մրցահարթակում էր մեկտեղել «Տնտեսագետ» մարզաառողջարանում հանգստացող ուսանողներին: Փառատոնը երեկ ամփոփվել է գալահամերգով և մրցանակների հանձնման արարողությամբ: Հաղթողներին պարգևատրել է ՈւԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը:

Մասնակից 7 թիմերը՝ ՀՊՏՀ 6 ֆակուլտետների և ֆինանսատնտեսագիտական  քոլեջի ջոկատները, մարզական առաջնություններում նախ բարելավել են իրենց ֆիզիկական պատրաստվածությունը: Լավագույն մարզավիճակով աչքի են ընկել ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանողները. սեղանի թենիսի, վոլեյբոլի, շախմատի, փոխանցումավազքի, պարանի ձգման, հրաձգության առաջնություններում նրանք արձանագրել են առավելագույն արդյունք: Առաջատարները դիրքերն ամրապնդել են մշակութային (երգ, պար) ու ինտելեկտուալ մրցույթներում և 17 միավորով դարձել փառատոնի գավաթակիրը: Մեդալների ու պատվոգրերի են արժանացել մրցանակային տեղեր զբաղեցրած ջոկատները: Ինչպես ուսխորհրդականներն են տեղեկացնում՝ ավանդաբար անցկացվող մրցույթներից բացի, այս տարի իրականացվել են «Բանալի», «Ջոկատի օր» հետաքրքրաշարժ խաղ-մրցույթները: «Բանալի»-ում, օրինակ, մասնակից 7 ջոկատներին առաջադրված է եղել  հաղթահարել 4 արգելապատնեշներ, որոնցից յուրաքանչյուրում եղել է ինտելեկտուալ հարցերի, մաթեմատիկական խնդիրների և գլուխկոտրուկների տեսքով մեկական առաջադրանք: Թիմերը ևս մեկ փորձություն են հաղթահարել՝ կողմնացույցի օգնությամբ գտնելով իրենց թիմի բանալին:  Փառատոնի մասնակիցների ժամանցը հարստացել է դեպի Ջուխտակ վանք ճանաչողական այցով:

Այսպիսով, ամառը մոտենում է եզրագծին, և ՀՊՏՀ ուսանողները պատրաստվում են հանգիստն ամփոփել «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին մասնակցությամբ (մեկնարկը օգոստոսի 21-ին է):

Եվս մի քանի օր ուսանողներն իրենց հանգիստը կվայելեն «Տնտեսագետ» մարզաառողջարանում և, անշուշտ, նոր ուսումնական տարին կդիմավորեն կազդուրված, բարձր տրամադրությամբ, լավ մարզավիճակում ու թարմ ուժերով:

Լուսանկարներում՝ ակնթարթներ փառատոնից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին