ՀՊՏՀ-ում պատրաստվում են նոր ուսումնական տարվան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում սեպտեմբերի մեկին ընդառաջ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում: Ամռանը մեկնարկած շինարարական, վերանորոգման և թարմացման աշխատանքները օգոստոսի վերջին կավարտվեն, և ՀՊՏՀ-ն նոր ուսումնական տարին կսկսի բարենորոգ և հարմարավետ միջավայրում:
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ բոլոր մասնաշենքերում հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել էին դեռ անցած տարի, սակայն խստաշունչ ձմեռվանից հետո քիչ չեն եղել վերանորոգման աշխատանքները: Արձակուրդային այս շրջանում փոխվել և թարմացվել են ՀՊՏՀ տանիքները, կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել բոլոր մասնաշենքերում, միջանցքներում և սրահներում:
Բացի սա՝ տրվել է նոր աշխատանքների մեկնարկ՝ բուհում ստեղծվում-վերակառուցվում է նոր դահլիճ-լսարան, չինական սրահ: Հիմնովին վերանորոգվում է ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջը, որտեղ ամիսներ առաջ սկսված աշխատանքները սեպտեմբերի շեմին կավարտվեն:
Զուգահեռ ընթանում են տեխնիկական վերազինման աշխատանքներ, նախատեսվում է ձեռք բերել նոր համակարգիչներ, պրոյեկտորներ, վիդեոկոնֆերանսի կազմակերպման համակարգ: Նոր ուսումնական տարում ՀՊՏՀ-ն առիթ կունենա հանդես գալու մի շարք նորություններով, որոնց մասին առավել մանրամասն կհայտնենք առաջիկայում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին