«Ուսանողական ամառ-2017»-ը համախմբել է ճամբարական ուսանողներին

Դիտումների քանակ՝ 2982

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը գեղեցիկ ավանդույթ է ձևավորել. ամեն տարի օգոստոսին համալսարանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում հանգստացող ուսանողներին միավորում է «Ուսանողական ամառ» մարզամշակութային փառատոնի ներքո՝ նրանց հանգիստը դարձնելով ակտիվ ու հիշարժան: Փառատոնն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի օժանդակությամբ և կոչված է բարձրացնելու ուսանողի ռազմահայրենասիրական գիտակցությունը, ֆիզիկական պատրաստվածությունը, մշակույթի հանդեպ սերն ու հետաքրքրությունը, խրախուսելու տաղանդն ու գիտելիքը, թիմային աշխատանքն ու առողջ մրցակցությունը: Ինչպես տեղեկացրել ենք երեկվա մեր հրապարակումներից մեկում՝ օգոստոսի 13-19-ը մարզաառողջարանում անցկացվում է «Ուսանողական ամառ-2017»-ը:

Մեկնարկը տրվել է հանդիսավորությամբ, բացման խոսքով հանդես է եկել ՈւԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը: Փառատոնին մասնակցում են ՀՊՏՀ 6 ֆակուլտետները ներկայացնող ջոկատներն ու առաջին անգամ՝  ֆինանսատնտեսագիտական քոլեջի ջոկատը: 7 թիմերն ուժերը կչափեն տարբեր մարզաձևերում, այնուհետև՝ մշակութային մրցույթներում (երգ, պար): Ուսխորհրդականները տեղեկացնում են, որ  փառատոնը հյուրընկալելու է ՀՀ տնտեսության, քաղաքականության և այլ ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց հետ հանդիպումներն ընթանալու են քննարկումների, հարցուպատասխանի և այլ ձևաչափերով։ Այս հանդիպումները նպատակ ունեն հարստացնելու ուսանողների տնտեսագիտական, քաղաքագիտական իմացությունը:

Նշենք, որ այսօր մրցութային 3-րդ օրն է, արդեն կայացել են մի քանի մարզական առաջնություններ: Փառատոնի արդյունքները կամփոփվեն շաբաթվա ավարտին: Մաղթում ենք հաջողություն:

Լուսանկարները՝ ՈւԽ-ից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին