Տեղի ունեցավ ՀՊՏՀ արհեստակցական կազմակերպության 5-րդ համաժողովը
Այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ արհեստակցական կազմակերպության 5-րդ համաժողովը, որին մասնակցում էին ՀՀ բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը, ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը: Համաժողովի նախագահ ընտրվեց ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը: Վերջինս հրապարակեց օրակարգում ընդգրկված հարցերը, որոնք ներառում էին ՀՊՏՀ արհեստակցական կազմակերպության կոմիտեի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, արհեստակցական կազմակերպության, վերստուգիչ հանձնաժողովի նոր կազմի, նախագահի թեկնածուների առաջադրումը և ընտրությունը:
ՀՊՏՀ արհեստակցական կազմակերպության կոմիտեի նախագահ Գրիգոր Տերտերյանը, ներկայացնելով 2012 թ. փետրվարից 2017 թ. հունիսն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքը, մասնավորեցրեց ձեռքբերումներն ու թերացումները, հետագայում առավել արդյունավետ աշխատելու հեռանկարները: Հաշվետու ժամանակահատվածում նա հատկապես շեշտեց համալսարանի աշխատողների սոցիալական աջակցությանը, կատարողական կարգապահության ապահովմանը միտված գործունեությունը, մասնակցությունը մարզական ու մշակութային կյանքին:
Վերստուգիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկավ հանձնաժողովի նախագահ Կառլեն Սարգսյանը: Ելույթներով ու առաջարկություններով հանդես եկան համաժողովի պատվիրակները:
Հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքը համաժողովի պատվիրակները համարեցին բավարար, հաստատեցին համաժողովի որոշման նախագիծը և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը:
ՀՊՏՀ արհեստակցական կազմակերպության կոմիտեի նախագահի պաշտոնում պատվիրակներն առաջադրեցին երեք թեկնածություն՝ Գրիգոր Տերտերյանի, Լուսինե Կարագուլյանի և Ալբերտ Ղազարյանի: Գրիգոր Տերտերյանը ինքնաբացարկ հայտնեց, որից հետո փակ գաղտնի քվեարկությամբ արհեստակցական կազմակերպության կոմիտեի նախագահ ընտրվեց ՀՊՏՀ տնտեսական բաժնի պետ Ալբերտ Ղազարյանը: Այնուհետ Գրիգոր Նազարյանը հրապարակեց արհեստակցական կազմակերպության նոր կազմի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների թեկնածուների անունները և առաջարկեց քվեարկել: Պատվիրակները միաձայն որոշմամբ ընտրեցին կոմիտեի նոր կազմ և վերստուգիչ հանձնաժողով:
Ավարտին ելույթ ունեցավ Գառնիկ Վաղարշակյանը՝ նախ շնորհակալություն հայտնելով Գրիգոր Տերտերյանին երկարամյա արգասաբեր աշխատանքի համար, ապա շնորհավորելով ՀՊՏՀ արհեստակցական կազմակերպության նորընտիր նախագահին ու մաղթելով, որ շարունակեն արդյունավետ աշխատել՝ ի շահ աշխատավորական կոլեկտիվի և համալսարանի: Ալբերտ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և հավաստիացրեց, որ իր ուժերի առավելագույնը կներդնի՝ նորընտիր կոմիտեի հետ միասին աշխատելու և գործընկերներին հնարավորիս աջակցելու, նրանց շահերն արտահայտելու ու պաշտպանելու գործում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին