Վարշավայում գտնվող մեր ուսանողը մասնակցել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումին
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման ֆակուլտետի մագիստրանտ Դավիթ Մալխասյանը, ով ընթացիկ կիսամյակում «Էրազմուս+»-ի շրջանակներում սովորում է Վարշավայի տնտեսագիտական դպրոցում, մասնակցել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումին, որի ընթացքում հանդիպում է եղել Եվրոպական հանձնակատարի հետ: Այս մասին հայտնում է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը՝ տեղեկացնելով, որ հանդիպմանը ՀՊՏՀ ուսանողի թեկնածությունն առաջադրել է Հայաստանում Էրազմուս Մունդուս Ասոցիացիան՝ նախօրոք համաձայնեցնելով իրենց հետ:
Եվրոպական հանձնակատարի հետ հանդիպումը հաջորդել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության երիտասարդական ֆորումին, որին մասնակցել են 300 երիտասարդ առաջնորդներ և Արևելյան գործընկերության երկրների և եվրոպական միության երիտասարդներ, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ:
Ըստ Էրազմուս Մունդուս Ասոցիացիայի պաշտոնական կայքի հրապարակման՝ Դավիթ Մալխասյանը նշել է, որ Եվրոպական հանձնակատարի հետ հանդիպումն անցել է շատ անմիջական մթնոլորտում, որտեղ բոլորն իրենց շատ լավ էին զգում: « Ես չէի սպասում, որ նա այդքան բաց և անկեղծ կլինի այն բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք մասնակիցները բարձրացրեցին: Մենք քննարկել ենք Արևելյան տարածաշրջանում կրթության հիմնախնդիրները, շահագրգիռ և ակտիվ ուսանողների փոխանակման հնարավորությունները, ինչպես նաև հարևան (և ոչ միայն) երկրների միջև լավ հարաբերություններ հաստատելու կարևորությունը: Իմ կարծիքով, դա արդյունավետ հանդիպում էր, քանի որ հնարավորություն ունեցանք ծանոթանալու Հանձնակատարի կարծիքին, հանդիպել ներկայացված երկրներում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակիցներին և նրանց հետ հարաբերություններ հաստատել: Անդրադառնալով Հայաստանին՝ Հանձնակատարը կարևորեց ԵՄ-ի կողմից Լեռնային Ղարաբաղում տրված երիտասարդական ծրագրի մեկնարկը: Նա նաև խոսեց Հայաստանի համար ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի մասին համաձայնագրի ստորագրման հնարավորության և դրա հնարավոր խոչընդոտների մասին»,- մեր ուսանողին է մեջբերել Ասոցիացիան:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք ընթերցել հետևյալ հղումով՝ goo.gl/ZyQfnG:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին