Վերապատրաստման ծրագրով ՀՊՏՀ-ում է հունական համալսարանի աշխատակիցը

Դիտումների քանակ՝ 2466

ՀՊՏՀ-ի և Աթենքի (Հունաստան)  տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի համագործակցության շրջանակում ՝ «Էրազմուս +»-ի վերապատրաստման ծրագրով հունիսի 26-30-ը մեր համալսարանում է նշված բուհի մասնագիտացված լաբորատորիայի աշխատակից (զբաղվում է քննությունների կազմակերպմամբ, աջակցում է ուսումնական գործընթացին, 1-ին կուրսում դասավանդում է «Համակարգչային հմտություններ») Եկատերինի Գլինոուն: Օրերս նա հանդիպումներ է ունեցել ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանի, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանի, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ղեկավար Դիանա Գալոյանի  հետ, քննարկել ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացին, ծրագրերին առնչվող հարցեր:

Այսօր, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանի ուղեկցությամբ , նա շրջեց համակարգչային քննասենյակներով, ծանոթացավ թեստային քննությունների ընթացակարգին: Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ Սամվել Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրեց քննությունների կազմակերպման ու անցկացման գործընթացը:

Մեզ հետ զրույցում  Եկատերինի Գլինոուն  նշեց, որ հիանալի տպավորություններ է ստացել Հայաստանից, ՀՊՏՀ-ից: «Շատ ուրախ եմ ձեր երկրում ու համալսարանում գտնվելու առիթով: Տպավորություններս  ավելին են, քան սպասում էի, դեռ Երևանի օդանավակայանից  ինձ դրական ու ջերմ մթնոլորտում եմ զգում»,-ասաց հունական համալսարանի պատվիրակը: Գլինոուն հիացմունք հայտնեց մեր համալսարանի նորագույն տեխնիկայով հագեցվածության մասին:

Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց Վարդ Ղուկասյանը՝ առաջին անգամ է ՀՊՏՀ-ն հյուրընկալում Աթենքի համալսարանի  ներկայացուցչի: Նա հավելեց, որ  Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի հետ համագործակցությունն ակտիվ է, «Էրազմուս +»-ին անդամակցելուց ի վեր հունական համալսարանը հյուրընկալել է ՀՊՏՀ 10 ներկայացուցչի՝ ուսանող, դասախոս և վարչական աշխատակից:

Եկատերինի Գլինոուն հետաքրքրված է տեղեկատվական տեխնոլոգիաներով և ևս 1 օր ՀՊՏՀ-ում կծանոթանա ՏՏ ոլորտին առնչվող աշխատանքներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին