ESPAQ-ի արտասահմանյան գործընկեր-համալսարանների ներկայացուցիչները ճանաչողական այցով հյուրընկալվել են ՀՊՏՀ-ում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում իրականացվող ԵՄ Տեմպուսի «Հայաստանի բուհերի որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության ընդլայնում» (ESPAQ) ծրագրի շրջանակում 2017թ․ հունիսի 21-ին ՀՊՏՀ-ում հյուրընկալվել են ծրագրի գործընկեր՝ Իտալիայի Մաչարետայի, Իսպանիայի Լա Ռիոխայի միջազգային և Ռումինիայի Սպիրու Հարեթի անվան համալսարանների որակի ապահովման մասնագետները։ Այցի նպատակն է եղել մեր համալսարանի գործունեությանը, որակի ապահովման համակարգին և այդ գործընթացում ուսանողների ներգրավման փորձին ծանոթանալը:
Որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանի, բաժնի աշխատակիցների, մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Գրիգորյանի, ուսումնական բաժնի ուսումնամեթոդական ծառայության ղեկավար Գայանե Մերդինյանի, կառավարման ֆակուլտետի ուսանող Մերի Հայրապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպում-քննարկմանը արտասահմանցի հյուրերին է ներկայացվել որակի ապահովման բաժնի գործունեությունը, աշխատաոճի առանձնահատկությունները, ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով իրականացված և ընթացիկ աշխատանքները, մասնագիտությունների կրթական ծրագրերի նորացման նպատակով կատարված աշխատանքները, շահակիցների, այդ թվում՝ ուսանողների որակի ապահավման գործընթացում ներգրավվածությունը։
Այնուհետև հյուրերը շրջայց են կատարել ՀՊՏՀ-ում՝ այցելելով նաև «Ամբերդ» հետազոտական կենտրոն, որի աշխատակիցները ներկայացրել են կենտրոնի գործունեությունը, հետազոտությունների հիմնական ուղղությունները և արդյունքները։ Այս մասին տեղեկացնում են որակի ապահովման բաժնից՝ հավելելով, որ հունիսի 19-22-ը տևած ճանաչողական այցի ընթացքում եվրոպական գործընկեր- համալսարանների մասնագետները այցելել են նաև ESPAQ ծրագրի հայաստանյան գործընկեր այլ բուհեր և ՈԱԱԿ։ Այցի արդյունքների ամփոփման և քննարկման նպատակով հունիսի 22-ին ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Աննա Փախլյանը և առաջատար մասնագետ Մարիա Պետրոսյանը մասնակցել են Որակի ապահովման ազգային կենտրոնում կազմակերպված հանդիպմանը։
Հիշեցնենք, որ ESPAQ-ը ՀՊՏՀ-ում համակարգում է որակի ապահովման բաժինը։ Ծրագրի նպատակն է ընդլայնել ուսանողների՝ որպես ներքին շահակիցների ներգրավումը Հայաստանի բուհերի որակի ապահովման գործընթացներում։ Ծրագրի մասին մանրամասներ կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ espaq.eu/en/ :
Հ.Գ. Լուսանկարները՝ որակի ապահովման բաժնից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին